Պրոմեսը այսուհետ «Սպարտակում» կխաղա Յուրա Մովսիսյանի խաղահամարով. տեսանյութ
Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Քուինսի Պրոմեսը կփոխի խաղային համարը:
Նախկինում 24 համարի ներքո հանդես եկող հոլանդացին արդեն վաղը «Աստանայի» հետ ընկերական հանդիպմանը խաղադաշտ կմտնի 10 համարի մարզաշապիկի ներքո:
Խաղահամարի փոփոխությունը կապված է նրա հետ, որ 10 համարի ներքո հանդես եկած Յուրա Մովսիսյանը տեղափոխվել է «Ռեալ Սոլթ Լեյք»:
«Սա ինձ համար մեծ պատիվ է: Մովսիսյանը հիանալի «տասնյակ» էր, մենք պետք է հարգանքով վերաբերվենք նրան: Նա շատ էր գոլ խփում, օգտակար էր թիմին, պատասխանատվությամբ էր վերաբերվում նրան, որ խաղում էր այդ համարի տակ:
Դա ոչ սովորական համար է, առանձնահատուկ: Անհամբերությամբ եմ սպասում, որ այդ համարի ներքո խաղադաշտ մտնեմ և ապացուցեմ, որ հենց այնպես չեմ ստացել այն: Սա իմ համար մեծ իրադարձություն է», ասել է Պրոմեսը: