211652_close_icon
views-count23215 դիտում article-date 16:02 12-01-2016

Մինչ ՀՀ ԱՆ-ը հայտարարում է, որ սուր շնչառական վարակների կանխարգելիչ և բուժական լայնածավալ աշխատանքները շարունակվում են, Երևանում նման հիվանդությամբ 7-րդ մահն է գրանցվել

Այսօր՝ հունվարի 12-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակչուհի, 35-ամյա Լիանա Մարտիրոսյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լ. Մարտիրոսյանը «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ Թալինի բժշկական կենտրոնից, հունվարի 10-ին: Մինչ այդ նրա առողջությունը ունեցել է ապիտիկ ընթացք, ախտորոշվել է շաքարախտ ու խպիպ, իսկ մինչ այդ 5-6 օր նա բարձր ջերմության մեջ է գտնվել, որից հետո ունեցել է ճնշման խնդիր: Թալինի բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին ասել են, որ 2 անգամ կանչով մեկնել են նրա հասցեն, իսկ հետո տեղափոխել են իրենց մոտ, սակայն, երբ տեսել են, որ առողջական խնդիրը չի լուծվում, նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց, որտեղ զննումից հետո պարզվել է, որ նա H1N1 վիրուսակիր է (խոզի գրիպ): Այսօր՝ հունվարի 12-ին, Լ. Մարտիրոսյանը մահացել է պոլիօրգանային անբավարարությունից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լ. Մարտիրոսյանն ամուսնացած էր և վիրուսը նրան է փոխանցվել իր երեխայից, իսկ մինչ այդ ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածում, ասելով, որ վիրուսը սկսում է նահանջել. «Սուր շնչառական վարակների կանխարգելիչ և բուժական լայնածավալ աշխատանքները շարունակվում են։ Երեկ նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ հնչեցված ցուցանիշներում առկա է բարելավում։ Հունվարի 12-ի առավոտյան ժամը 10-ի դրությամբ նվազել է թոքաբորբով, այդ թվում` հղի հիվանդների թիվը։ Իջել է նաև վերակենդանացման բաժանմուքներում բուժվողների ցուցանիշը։ Առայժմ նույնն է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակը երեխաների շրջանում։ Արձանագրվել է մահվան դեպք։ Ախտորոշումը և այլ մանրամասները կճշտվեն փորձաքննության արդյունքում»։

Նմանատիպ նյութեր