211652_close_icon
views-count2639 դիտում article-date 19:00 19-12-2015

Քննադատում ես, որ ի՞նչ անես

«Չկայացած կինոդերասանը դառնում է կինոքննադատ, չկայացած գրողը դառնում է գրաքննադատ»: Այս բանաձևը կեղծ է, խոչընդոտում է մշակույթի հասկացմանն ու զարգացմանը, կիրառվում է կիսագրագետ, հերմենևտիկային անծանոթ մարդկանց կողմից, որոնք պարզապես վախենում են քննադատական մտածողությունից և ամեն տեսակ քննադատությունից, մասնավորապես՝ մշակութային-քաղաքականից, ինչպես նաև, պրոֆեսիոնալից, վարպետից, հրաշքից: Քննադատությունը հաճախ շփոթում են հուզական վերաբերմունքի հետ: Իրականում քննադատությունը լինում է միայն գիտական համեմատություններով և փաստերով հիմնավորված: Գրաքննադատն ու կինոքննադատն ուսումնասիրում և վերլուծում են գրողի և կինոռեժիսորի ստեղծագործությունները: Ազատ աշխարհում քննադատն օգնում է ընթերցողին, հանդիսատեսին հասկանալու գրողին, ռեժիսորին, նրանց ստեղծագործությունները: Այսինքն, քննադատության հիմնական խնդիրն է՝ օգնել մշակույթի հասկացմանը (Վերնատանը հավաքվողները վերլուծում-քննադատում էին գրական, թատերական ստեղծագործությունները): Եթե պետք չեն հասկացողներ, ապա պետք է հեղինակազրկել և իմաստազրկել քննադատին և քննադատությունը: Կայացած բառը նույնպես կեղծ է: Նախքան 88-ի թավշյա հեղափոխությունը «կայացած» բառը հայերենում չէր վերաբերում մասնագետին, այլ իրադարձությանը: Այն մարդուն վերաբերող իմաստով շրջանառության մեջ մտավ սոցիալիստական հասարակության վերացումից հետո, քաղաքացիական հասարակության կառուցման շրջանում: Եթե սոցհասարակությունում մարդու տեղը որոշում էր համակարգը և կոմկուսը, ապա ազատ-քաղաքացիական հասարակությունում մարդն ինքն էր իր համար ճանապարհ հարթում՝ իր աշխատասիրությամբ, շնորհքով, հետևողականությամբ, հաստատակամությամբ, հաղթահարելով շուկայական մրցակցությունը և վաստակելով ժողովրդականություն: Նոր՝ քաղաքացիական հասարակության արժեքների և նորմերի ազդեցությամբ փոփոխվեցին-նորացվեցին գրեթե բոլոր մասնագիտությունները: Օրինակ. Սոցիալիստական համակարգում լրագրությունը հիմնովին տարբերվում էր քաղաքացիական համակարգում նույն գործից: Սոցիալիստական համակարգի լրագրողը դժվարանում էր նույն գործն անել քաղաքացիականում, որովհետև կանոններն ու պահանջներն այլ էին: Եվ նոր համակարգը նոր մարդիկ էր պահանջում: Այդ պատճառով նախընտրելի էր համարվում նոր արժեքներով առաջնորդվող անփորձը, քան տարեց, բայց սոցիալիստական մտածողությամբ մասնագետը: Այդ ժամանակ «կայացած» բառով բնորոշեցին նոր մասնագիտության մեջ հաջողության հասածին: Մի խոսքով, սոցիալիստականից քաղաքացիականի անցման ժամանակ «պրոֆեսիոնալ», «վարպետ» բառերի փոխարեն նույն նշանակությամբ կիրառության մեջ մտավ «կայացած» բառը, որովհետև խորհրդային հպատակի մտածողության մեջ արժեզրկվել և իմաստափոխվել էին «վարպետ» և «պրոֆեսիոնալ» հին բառերը: Իսկ «կայացած» բառը նոր էր, անսովոր, շատերի համար անհասկանալի, և ներդաշնակ էր անսովոր-անհասկանալի նոր հասարակությանը: Սակայն իրականում մասնագետը չի լինում, չի կարող լինել կայացած կամ չկայացած: Նա կարող է հասնել վարպետության և հրաշք գործել, կամ չհասնել ու մնալ որպես «կլուչ տվող»: [b]Թաթուլ Մկրտչյան [/b]

Նմանատիպ նյութեր