211652_close_icon
views-count3332 դիտում article-date 08:33 16-12-2015

Հայկական «էլիտայի» ճոխ մոլորությունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի վերլուծականում կարդում ենք. «Ես չեմ կարծում, որ Հայաստանին որևէ մեկն այնքան գրանտներ է տալիս, և դա այն արժևորումն է, որ Հայաստանում շատ մեծ օգուտներ է տալիս, եթե չտան, շատ մեծ վնասներ կլինի: Այդ գրանտները տրվելու են, դրանք ոչ թե տալիս են մեկ ուղղվածության օգնության, դրանց մեջ նաև քաղաքական ընդերք կա, իսկ քաղաքական ընդերքը երբեք չի պակասում»,- հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ընտրախախտումների վերաբերյալ ԱՄՆ դեսպանության հայտարարությանը և դրանում առկա ակնարկ-ենթատեքստին, որ դեսպանատունը կարող է ընտրախախտումներում մասնակցություն ունեցող անձանց զրկել ԱՄՆ ծրագրերի հետ առնչություն ունենալու հնարավորությունից: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ, փաստորեն, առկա են հեղափոխական փոփոխություններ կամ հակահեղափոխական, ավելի ճիշտ նրա մոտ կարծես թե տեղի է ունեցել իսլամական հակահեղափոխություն: Բանն այն է, որ օրինակ՝ մոտ մեկ տասնամյակ առաջ Գալուստ Սահակյանը համանման վիճակում ասում էր, որ եթե Եվրոպան չընդունի Հայաստանին այնպես, ինչպես կա, ապա իրենք կգնան մահմեդական կամ իսլամական աշխարհ: Այժմ, փաստորեն, Գալուստ Սահակյանը չի գնում որևէ այլ աշխարհ: Նա հայտարարում է, որ Արևմուտքը գնալու տեղ չունի, քանի որ «քաղաքական ընդերք» կա: Այլ կերպ ասած՝ Գալուստ Սահակյանը հայտարարում է, թե ուզեն, չուզեն, պետք է մնան ու աշխատեն, ինչպես էլ որ գնահատեն քվեարկությունները: Մի կողմից լավ է, որ Հայաստանի ԱԺ նախագահն այլևս որպես այլընտրանք չի դիտարկում Հայաստանը մահմեդական աշխարհ տանելը, մյուս կողմից, սակայն, այստեղ պատճառը կարող է լինել ոչ թե Գալուստ Սահակյանի մոտ տեղի ունեցած հեղափոխությունը կամ հակահեղափոխությունը, այլ Հայաստանի հետ տեղի ունեցածը: 2013-ի սեպտեմբերի 3-ից Հայաստանը շրջվել է դեպի Եվրասիական միություն, իսկ 2015 թվականի հունվարից դարձել դրա անդամ: Հետևաբար Հայաստանն արդեն գնացել է ուր պետք է գնար, և ինչ-որ իմաստով Հայաստանը գնացել է այնտեղ, ուր Գալուստ Սահակյանն էր մատնանշում մեկ տասնամյակ առաջ: Բանն այն է, որ Եվրասիական տնտեսական միությունում իրավիճակը, մեղմ ասած, 50/50 է՝ նկատի ունենալով այն, որ դրա 5 անդամներից 2-ը մահմեդական աշխարհն են ներկայացնում, երկուսը՝ քրիստոնեական, իսկ մեկն էլ դե յուրե քրիստոնեական է, իսկ դե ֆակտո՝ մահմեդական: Խոսքը Ռուսաստանի մասին է, որի առումով շատ դժվար է ասել՝ այն քրիստոնեակա՞ն պետություն է, թե՞ այնտեղ աստիճանաբար գերիշխում է մահմեդական գործոնը: Այնպես որ, այդ իմաստով, իհարկե, հնարավոր է նաև, որ Գալուստ Սահակյանի հետ տեղի ունեցած հեղափոխությունը թվացյալ է, և նա ներկայացնում է արդեն իր կանխատեսածի կամ նախանշածի իրականությունը, իրեն վայել մարգարեաբար: Ու դա տխուր իրականությունն է, որովհետև Գալուստ Սահակյանը փաստացի ցույց է տալիս, որ ստեղծված իրավիճակում ոչ թե Հայաստանի իշխանությունն է հայտնվել անելանելի դրության մեջ, այլ Արևմուտքը: Մեծ հաշվով դա, իհարկե, փիլիսոփայական խաբկանք է, հարաբերականություն, որը սակայն փոքր տարածության մեջ, այդուհանդերձ, հանդիսանում է բավական շոշափելի իրականություն»:

Նմանատիպ նյութեր