211652_close_icon
views-count1003 դիտում article-date 12:19 08-12-2015

Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի հիմնադրման 95-ամյակի առթիվ

Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Շնորհավորում եմ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներին, պրոֆեսորադասախոսական կազմին, ողջ աշխատակազմին ու շրջանավարտներին` բուհի հիմնադրման 95-ամյա հոբելյանի առթիվ: Այս հոբելյանի հետեւում հարուստ տարեգրություն է, իրենց գործին, բժշկի երդմանն ու պարտքին իսկապես նվիրված գիտնականների ու մանկավարժների մի քանի սերունդ: Սա այն բուհն է, որտեղ հպարտություն են եւ տարիները, եւ կատարված գործերը: Ուրախալի է, որ տասնամյակների ընթացքում այստեղ պահպանվում է սերունդների հաջորդականությունը, բազմապատկվում են ձեռք բերված նվաճումներն ու ստացած ժառանգությունը: Ավելի քան 9 տասնամյակների ընթացքում բուհն անցել է փառավոր ճանապարհ` դառնալով մեր երկրի ու տարածաշրջանի բարձր վարկանիշ ունեցող եւ խոշորագույն գիտական ու կրթական հաստատություններից մեկը: Այստեղ պատրաստվել են տարբեր մասնագիտացումների տեր բժիշկներ, մասնագետներ, ովքեր իրենց նշանակալից ավանդն են ներդրել եւ այսօր էլ շարունակում են ներդնել մարդկանց կյանքն ու առողջությունը պահպանելու գործում: Ավելի քան 20 տարի համալսարանը նաեւ ռազմական բժիշկների պատրաստման բազա է, եւ այսօր հայկական զինուժի բուժանձնակազմի զգալի մասը հենց այս բուհի շրջանավարտ է: Ներկայումս Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հաստատուն պետական ու հասարակական ճանաչում ունի, որի ապացույցը նրա բարձր վարկանիշն է թե՛ մեր երկրում, թե՛ նրա սահմաններից դուրս: Այն բարձրակարգ մասնագետների պատրաստման ժամանակակից բազմամակարդակ համակարգ է: Ժամանակակից իրողությունները ավելի խիստ են դարձնում բժիշկների պատրաստմանն ուղղված պահանջները, ուստիեւ դրանց համապատասխանելու, ժամանակին համաքայլ ընթանալու համար անհրաժեշտ է կատարելագործվել ու նոր տեխնոլոգիաներ յուրացնել: Ուրախալի է, որ պետական բժշկական համալսարանում ակտիվորեն ներդրվում են արդիական կրթական ծրագրեր ու դասավանդման մեթոդներ, մշակվում են ժամանակակից առողջապահությանը համապատասխանող ինովացիոն նախագծեր: Այսօր բուհի առջեւ նոր խնդիրներ են դրված, բայց մի խնդիր մնում է անփոփոխ` ապահովել որակյալ, ժամանակակից պահանջներին համապատասխանող, միաժամանակ` մատչելի ուսուցում: Համոզված եմ, որ Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը հաջողությամբ կլուծի նաեւ այս խնդիրը` միասնական թիմով, ապագայի հանդեպ վստահությամբ: Մաղթում եմ բոլորիդ բարեկեցություն եւ լավատեսություն, ինչպես նաեւ հետագա հաջողություններ մարդկանց առողջության պահպանման ու ամրապնդման եւ բարձրակարգ բժշկական կադրերի պատրաստման աշխատանքային ճակատում»:

Նմանատիպ նյութեր