211652_close_icon
views-count1622 դիտում article-date 18:51 20-11-2015

Կրկին Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության հետքերով. ֆոտոռեպորտաժ

Դեռեւս նախորդ տարվա մարտին Օմբուդսմենը հրապարակել էր «Երեխայի իրավունքները մանկական խնամքի եվ հատուկ ուսումնական հաստատություններում» արտահերթ զեկույցը, որում բարձրացվել էին խնամքի եւ հատուկ ուսումնական կենտրոններում առկա մտահոգիչ երեւույթներն ու խնդիրները, առաջարկվել էին դրանց շտկման հնարավոր տարբերակները: Զեկույցում նշված մի շարք խնդիրներ համակարգային էին, ու դրանց լուծման համար ժամանակ եւ ռեսուրսներ էին անհրաժեշտ, այդ իսկ պատճառով Օմբուդսմենի՝ Բռնությունների կանխարգելման վարչության աշխատակիցները կրկնակի այցեր են կատարել այդ հաստատություններ՝ առկա խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված եւ դեռեւս ձեռնարկվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Բյուրեղավանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում նախորդ այցերին Օմբուդսմենի ներկայացուցիչներն արձանագրել էին, որ հաստատության սաները դասաժամերին կանգնած դիրքով են կատարում գրառումներ համապատասխան գույքի սակավության պատճառով, արձանագրվել էին նաեւ երեխաների նկատմամբ աշխատակիցների վատ վերաբերմունքի եւ բռնության, սաների ոջլոտության դեպքեր, ինչպես նաեւ ժամկետանց սնունդ ու դեղորայք: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցից եւ հետագա հանձնարարականներից հետո կարող ենք արձանագրել, որ Բյուրեղավանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում էական մի շարք դրական փոփոխություններ են կատարվել: Օմբուդսմենի ներկայացուցիչներն այցերի ընթացքում արձանագրել են, որ դասապատրաստման սենյակներն արդեն պատշաճ կահավորված են, սննդակարգը բարելավված է, վերանորոգված են հաստատության լոգարաններն ու սանհանգույցները, կատարվել են մասնակի կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ, կարգավորվել է հիգիենիկ պարագաների տրամադրման խնդիրը եւ միջոցներ են ձեռնարկվել ժամկետանց դեղորայքի եւ ոջլոտության դեպքերի վերացման ուղղությամբ: Այնուամենայնիվ, այցերի ընթացքում վեր են հանվել մի քանի խնդիրներ: Մասնավորապես, հայտնաբերվել է չպիտակավորված կաթնաշոռ, մածուն, որոնց ժամկետները անհայտ էին: Առանձնազրույցների ընթացքում երեխաները ցանկություն են հայտնել առավել ակտիվ ներգրավվել սպորտային խմբակներում, ինչպես նաեւ դժգոհություն են հայտնել, որ իրենք չունեն հնարավորություն մշտական կապ հաստատել հարազատների հետ հեռախոսային կապի բացակայության պատճառով: Օմբուդսմենը վերոգրյալ խնդիրների մասին տեղեկացրել է Աշխատանքի եւ Սոցիալական հարցերի նախարարին: Արդյունքում, Նախարարության կառուցողական աշխատանքի շնորհիվ, կարճ ժամանակահատվածում կատարվել են անհրաժեշտ գործողություններ նշված խնդիրները վերացնելու ուղղությամբ: Հետեւողական աշխատանքների արդյունքում երեխաներն արդեն կարող են շուրջօրյա կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, քանի որ Նախարարությունը ՎիվաՍելլ, Օրանժ եւ Բիլայն օպերատորների աջակցությամբ կազմակերպել է շուրջօրյա հեռախոսից օգտվելու հնարավորությունը: Երեխաները սպորտով զբաղվում են հաստատության սպորտդահլիճում, եւ տարվում են աշխատանքներ սպորտգույք ձեռքբերելու համար: Այս ամենից բացի, խիստ նկատողություն է տրվել հաստատության պահեստապետին չպիտակավորված կաթնամթերք ընդունելու համար, ինչպես նաեւ զգուշացում է տրվել մատակարարին: Փաստենք նաեւ, որ գիշերօթիկ հաստատության սաներն Օմբուդսմենի աշխատակիցներին չեն հայտնել որեւէ դժգոհություն իրենց նկատմամբ վատ կամ խտրական վերաբերմունքի մասին: Տեղեկացնենք, որ նախկինում երեխաների նկատմամբ վատ վերաբերմունք դրսեւորող աշխատակիցն արդեն ազատվել է աշխատանքից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր