Եվրոպայի լիգա. «Բորուսիան» ջախջախեց «Գաբալային». Մխիթարյանը գոլի հեղինակ. տեսանյութ
Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 4-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց Բաքվի «Գաբալային»:
Դորտմունդցիները ամբողջ խաղի ընթացքում շոշափելի առավելություն ունեին եւ նրանց խոշոր հաղթանակը տրամաբանական էր: Հերթական վառ հանդիպումը անցկացրեց Օբամեյանգ-Մխիթարյան-Ռոյս հարձակողական եռյակը, որը հեղինակեց «Բորուսիայի» գոլերից երեքը, իսկ «Գաբալայի» խաղացող Զենեւը ինքնագոլի հեղինակ դարձավ:
Փայլուն հանդիպում անցկացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը լավագույնն էր «Բորուսիայի» կազմում: Հայ ֆուտբոլիստը դարձավ հրաշալի գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ: Բացի այդ, նրա հարվածներից հետո երկու անգամ ադրբեջանական թիմին փրկեց դարպասաձողը:
Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակեց 10 միավոր եւ ապահովեց իր տեղը փլեյ-օֆում:
Այս խմբի զուգահեռ խաղում ռուսական «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց հունական ՊԱՕԿ-ին:
Եվրոպայի լիգա, խմբային մրցաշար, 4-րդ տուր, C խումբ
«Բորուսիա» (Դորտմունդ)-«Գաբալա» (Բաքու)՝ 4:0
Գոլերը՝ Ռոյս, 28, Օբամեյանգ, 45, Զենեւ, 67 (ինքնագոլ), Մխիթարյան, 70