«Չելսիի» հարձակվողին բռնաբարության մեղադրանք են ներկայացրել
«Չելսիի» հարձակվող Լուկաս Պյազոնը, որը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս Անգլիայի Չեմպիոնշիփի «Ռեդինգ» ակումբում, և բրազիլական «Բոտաֆոգոյի» դարպասապահ Անդրեյ Դա Սիլվա Վենտուրան մեղադրվում են բռնաբարության մեջ:
Տորոնտոյի ոստիկանությունը երկու ֆուտբոլիստներին էլ ձերբակալելու օրդեր է ներկայացրել:
Հետաքննության տվյալներով, 2015թ. հուլիսին՝ Պանաամերիկյան խաղերի ժամանակ Բրազիլիայի հավաքականի խաղացողներ Պյազոնը և Վենտուրան Տորոնտոյի գիշերային ակումբներից մեկում ծանոթացել են երկու աղջկա հետ: Նրանցից մեկին ֆուտբոլիստները տուն են ուղեկցել և այնտեղ բռնաբարել:
Ենթադրվող միջադեպը տեղի է ունեցել նույն օրը, երբ Բրազիլիայի հավաքականը մրցաշարում բրոնզե մեդալների համար խաղում 3:1 հաշվով հաղթել է Պանամային, իսկ գոլերից մեկն էլ խփել է Պյազոնը:
Նշենք, որ հարձակվողի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2017 թվականին: Լոնդոնյան ակումբը արդեն հայտնել է, որ տեղյակ է Պյազոնին ներկայացված մեղադրանքի մասին:


