Լեհաստանը պատրաստ է աշխարհահռչակ ռեժիսոր Պոլանսկուն արտահանձնել ԱՄՆ-ին
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին պետք է արտահանձնվի Միացյալ Նահանգների իշխանություններին, որպեսզի կանգնի դատարանի առաջ՝ 1977 թվականին անչափահասին պղծելու համար: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի ընտրություններում հաղթանակած «Իրավունք և արդարություն» կուսակցության առաջնորդ, այդ երկրի նախկին վարչապետ Յարոսլավ Կաչինսկին, հայտնում է The Guardian-ը:
«Կա տեսանկյուն, որի համաձայն Պոլանսկին չպետք է պատասխանատվություն կրի իր արարքի համար, քանի որ աշխարհահռչակ ռեժիսոր է, սակայն մենք լիովին մերժում ենք նման դիրքորոշումը»,-մեջբերում է թերթը Կաչինսկու խոսքը:
Նշենք, որ ԱՄՆ-ն մինչ օրս պայքարում է 81-ամյա հայտնի ռեժիսորի արտահանձնման համար, ով մեղադրվում է 1977թ-ին 13-ամյա Սամանտա Գեյմերի հետ սեռական կապ ունենալու մեջ: Պոլանսկին ընդունել է իր մեղքը՝ պարզաբանելով, որ դա տեղի է ունեցել ալկոհոլի ազդեցության տակ: