211652_close_icon
views-count1215 դիտում article-date 22:16 27-10-2015

Փաստաբանների պալատում կայացել է մասնագիտական համայնքի անդամների հավաք-քննարկում

2015 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահը և խորհրդի անդամները մի խումբ փաստաբանների առաջարկով նախաձեռնել էին մասնագիտական համայնքի անդամների հավաք-քննարկում: Քննարկմանը մասնակցում էին շուրջ 150 փաստաբաններ։ Քննարկման օրակարգում փաստաբաններ Երվանդ Վարոսյանին և Տիգրան Խուրշուդյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 9-ի որոշման եզրափակիչ մասը հրապարակելուց հետո տեղի ունեցած իրադարձությունների և դրանց վերաբերյալ մամուլի որոշ տարաբնույթ հրապարակումներին առնչվող հարցեր էին: Քննարկումը վարում էր փաստաբան Հայկ Հովհաննիսյանը։ Առաջնահերթության կարգով՝ ըստ նախապես հայտարարված ընթացակարգի քննարկվել են պալատի նախագահին, խորհրդի անդամներին և վերը նշված իրադարձությունների այլ մասնակիցներին ուղղված ներկա փաստաբանների՝ մինչև հոկտեմբերի 23-ը պալատի աշխատակազմին ներկայացված գրավոր հարցերը:Բանավոր հարցադրումներին պատասխանել են, իսկ այնուհետև ելույթներով հանդես են եկել խորհրդի անդամներ՝ Կարեն Մեժլումյանը, Սիմոն Բաբայանը, Մարտուն Փանոսյանը, Կարապետ Աղաջանյանը, Նելլի Հարությունյանը, Կարեն Սարդարյանը, Տիգրան Խուրշուդյանը և Մելանյա Առուստամյանը։ Քննարկման ժամանակ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ փաստաբանների պալատը անկախ է ոչ միայն պետական մարմինների, այլ նաև մի խումբ փաստաբանների ճնշումներից, որոնք կցանկանան ցնցումներ առաջացնել փաստաբանական համայնքում։ Փաստաբանների պալատի խորհրդի անդամները և նախագահը ընդհանուր ժողովի կողմից ընտրված անձինք են և վերջիններիս հետ չի կարելի վերջնագրերով խոսել։ Ելույթներով հանդես են եկել նաև ներկա փաստաբաններից՝ Թաթուլ Խուդատյանը, Նիկոլայ Հակոբյանը, Սամվել Ջաղինյանը, Ռուբեն Բալոյանը, Արթուր Մարտիրոսյանը, Մերի Ալավերդյանը, Վրեժ Խաչիկյանը, Թամարա Բաղդասարյանը, Ժաննա Օհանյանը։ Քննարկման ավարտին կարգապահական տույժի ենթարկված խորհրդի անդամ, փաստաբան Տիգրան Խուրշուդյանը նշել է, որ որոշմանը դեռ չի ծանոթացել, իսկ ծանոթանալուց հետո, եթե պարզվի հիմնավորումների նախադեպային նշանակություն ունենալու փաստը, ապա չի բողոքարկելու որոշումը՝ հետագայում նմանատիպ երևույթները բացառելու համար:

Նմանատիպ նյութեր