Հերթական մարտն է բռնկվել իշխանության խոհանոցում. «ՀԺ»
«Հայկական ժամանակ»-ը գրում է.
«Հերթական մարտն է բռնկվել իշխանության խոհանոցում: Այս անգամ մարտնչող կողմերն են ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը, ՀՅԴ-ն և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Մեր տեղեկություններով, Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, ինչպես նաեւ ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Արա Նռանյանը, որոնք ԵՏՄ կոլեգիայի անդամ նախարար են այս տարվա հունվարից և ստանում են ամսական 12 հազար դոլար աշխատավարձ, առաջիկայում թերևս հրաժեշտ կտան իրենց պաշտոններին:
Բանն այն է, որ մինչև այս տարեվերջ պետք է ձևավորվի ԵՏՄ տնտեսական նոր, 10 հոգանոց հանձնաժողով, որտեղ ԵՏՄ անդամ յուրաքանչյուր երկիր պետք է ունենա երկու անդամ: Այս պահին ՀՀ-ն ԵՏՄ-ում ունի 3 նախարար՝ Խոսրով Հարությունյանի որդին, Արա Նռանյանը և էկոնոմիկայի նախկին փոխնախարար Կարինե Մինասյանը, որը վայելում է Տիգրան Սարգսյանի հովանավորությունը: Վերջինս, հիշեցնենք, եկող տարվա փետրվարից պետք է զբաղեցնի ԵՏՄ գործադիր մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
Այսինքն, 4-ից 2-ը պիտի մնան: Թեժ մարտը շարունակվում է. ՀՅԴ-ն ու Հարությունյանն էլ իրենց հերթին հույսները չեն կորցրել»: