211652_close_icon
views-count1165 դիտում article-date 08:33 22-10-2015

Եվրամիության հետ բանակցությունները Հայաստանին մանևրելու հնարավորություն են տալիս. «Ժամանակ»

Եվրամիության հետ բանակցությունները Հայաստանին մանևրելու հնարավորություն են տալիս, և հիմա շատ բան կախված է հենց Հայաստանից: Այս կարծիքին է ռուս քաղաքագետ, «Քաղաքական փորձագիտական խմբի» ղեկավար Կոնստանտին Կալաչևը, գրում է «Ժամանակ» թերթը ու հիշեցնում, որ Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի խորհուրդը հոկտեմբերի 12-ին մանդատ էր տվել Եվրահանձնաժողովին` նոր իրավական հիմքի վրա Հայաստանի հետ բանակցություններ սկսելու համար: Նոր փաստաթուղթը փոխարինելու է Եվրամիության եւ Հայաստանի միջեւ ժամանակին կնքված Գործընկերության եւ համագործակցության մասին համաձայնագրին: «Ժամանակ»-ի հետ զրույցում խոսելով թեմայի շուրջ՝ Կոնստանտին Կալաչեւն ասել է. «Ակնհայտ է, որ ԵՄ-ն կողմնակից է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության հետագա զարգացմանը եւ ամրապնդմանը «Արեւելյան գործընկերության»՝ փոխադարձ շահ ներկայացնող բոլոր ոլորտներում: Բանակցությունների մեկնարկը նախատեսված է մինչեւ տարվա վերջ: Նոր փաստաթուղթը, որը պետք է ստորագրվի բանակցությունների ավարտին, թույլ կտա Հայաստանին համագործակցել ԵՄ-ի հետ մի ձեւաչափով, որը չի խոչընդոտի երկրի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ): Հայաստանը մանեւրելու տարածություն է ստանում: Ինչպես հայտնի է, Երեւանը 2013թ. նոյեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովին պետք է ստորագրեր ԵՄ-ի հետ Ասոցացման եւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը: Սակայն դրանից ընդամենը երկու ամիս առաջ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը անդամակցելու եւ եվրասիական ինտեգրացիային մասնակցելու ցանկության մասին: Ավելի ուշ Հայաստանը միացավ ԵՏՄ-ին: Բայց խնդիրն այն է, որ հայ հանրության մի մասի համար առաջվա պես տեսանելի չեն այդ անդամակցության օգուտները: Դա ինչ-որ չափով հարկադրաբար կատարված քայլ էր: Այժմ Հայաստանի ղեկավարությունը նոր փոխանցում է ստանում ԵՄ-ից: Կընդունի, թե ոչ՝ հարցրեք պարոն Սարգսյանին»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր