Նոր Խարբերդ թաղամասում շարունակվում են կենսապահովման հաղորդուղիների անցկացման աշխատանքները
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասում շարունակվում են կենսապահովման հաղորդուղիների անցկացման և անհրաժեշտ մյուս աշխատանքները:
Ավարտվել են նախատեսված ասֆալտապատման և տարածքի արտաքին լուսավորության նոր ցանցի կառուցման աշխատանքները: Խմելու ջրի և ոռոգման խնդիրը լուծելու նպատակով կառուցվում են ջրագծեր, տեղադրվում նոր պոմպեր։ Էլեկտրամատակարարումն ապահովելու համար տեղադրվում են նոր հենասյուներ, կառուցվում ենթակայաններ:
«Հաջորդ տարի Նոր Խարբերդ թաղամասում մենք պետք է շարունակենք աշխատանքները բոլոր ուղղություններով և 2016-2017 թվականներին ամբողջությամբ ավարտին հասցնենք նախատեսված ծրագիրը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Մայրաքաղաքի մանկապարտեզներում սննդի որակի, անվտանգության, սանիտարահիգիենիկ պայմանների, ուսումնասիրման նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից շարունակվում են ստուգայցերը: Զեկուցվել է, որ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում կատարված ստուգումների ադյունքում սննդի որակի, պահպանման պայմանների և ժամկետների վերաբերյալ խախտումներ չեն արձանագրվել:
Զեկուցվել է, որ վարչական շրջաններում շարունակվում են կանաչ տարածքների խնամքի և մաքրման աշխատանքները: Հանձնարարվել է ընթացիկ աշխատանքներին զուգահեռ նախապատրաստվել աշնանային էտի աշխատանքներին: