Գերմանիայում ֆուտբոլային խոշոր սկանդալ է հասունանում
Գերմանիայում 2006 թվականի Աշխարհի առաջնության անցկացման իրավունքների ձեռք բերման շուրջ սկանդալ է հասունանում:
Ինչպես հայտնել է այդ երկրի ամենահեղինակավոր պարբերականներից մեկը՝ «Շպիգելը», ՖԻՖԱ-ի չորս պաշտոնյաներ Գերմանիայի օգտին քվեարկելու համար կաշառք են ստացել:
2000 թվականին «Ադիդասի»՝ այն ժամանակվա ղեկավար Ռոբերտ Լուիս-Դրեյֆուսը Գերմանիայի կազմակերպչական կոմիտեին 7,6 մլն դոլար է փոխանցել:
Այդ գումարը նախատեսված է եղել ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի՝ Ասիան ներկայացնող չորս անդամներին կաշառելու համար:
Նշվում է, որ պաշտոնյաներին կաշառելու մասին տեղյակ են եղել և Ֆրանց Բեկենբաուերը (ներկայումս՝ «Բավարիայի» պատվավոր նախագահը) և Գերմանիայի ֆուտբոլի ֆեդրացիայի ներկայիս նախագահ Վոլֆգանգ Նիրսբահը:
Նշենք, որ այս հրապարակմանը անմիջապես արձագանքել է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան, որը կտրականապես հերքել է ՖԻՖԱ-ի պաշտոնյաներին կաշառելու մեղադրանքները՝ ընդգծելով, որ ժամանակին այս առթիվ նույնիսկ հետաքննություն է անցկացվել, որը նման փաստեր չէր հայտնաբերել:


