57846 դիտում
21:06 14-10-2015
Երևանում քաղաքացուն առևանգած «Գագ Ջանի» և «Շտանգի» շրջապատից 25-ամյա կասկածյալը կալանավորվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հոկտեմբերի 14-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնի ավագ քննիչ Դավիթ Աղաջանյանը միջնորդությամբ դիմել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամասի բնակիչ, 25-ամյա Արմեն Աբրահամյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հոկտեմբերի 12-ին «Գագ Ջան» և «Շտանգ» մականվամբ անձանց հետ Երևան քաղաքի Ավան 5-րդ փողոցի բնակիչ, 34-ամյա Արթուր Հարությունյանին առևանգելու մեջ:
Դատավոր Արմեն Վարդապետյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` որոշեց բավարարել քննչական մարմնի միջնորդությունը և Ա. Աբրահամյանը դատարանից տեղափոխվեց Նուբարաշենի բանտ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/13/67526/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 12-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Նոր Նորքի բաժին քաղաքացուն առևանգելու կասկածանքով բերման էին ենթարկել 6 քաղաքացու:
Նրանք էին ՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ, 49-ամյա, «Գագ Ջան» մականվամբ Գագիկ Ասատրյանը, Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամասի բնակիչ, 25-ամյա Արմեն Աբրահամյանը, Երևան քաղաքի Լեփսիուսի 6-րդ փողոցի բնակիչ, 42-ամյա Նորայր Քոսակյանը, Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ, անհատ ձեռներեց, 20-ամյա Էրիկ Ասատրյանը, Երևան քաղաքի Կասյան փողոցի բնակիչ, 20-ամյա Լևոն Թամամյանը և Երևան քաղաքի Գոգոլի փողոցի բնակիչ, 37-ամյա Սարգիս Կարապետյանը:
Նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի Ավան 5-րդ փողոցի բնակիչ, 34-ամյա Արթուր Հարությունյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոցում ոստիկաններին հայտնել էին, որ տուժածն ի վիճակի չէ հայտարարություն տալու, սակայն Նոր Նորքի ոստիկաններն օպերատիվ տվյալներով ճշտել էին, որ Ա. Հարությունյանին առևանգել են Բագրևանդ թաղամասից BMW X 5 մակնիշի ավտոմեքենայով, սակայն նրան իրեն պատկանող Mercedes մակնիշի 34 QA 677 համարանիշի ավտոմեքենայից իջեցրել և իր կամքին հակառակ մտցրել էին բեռնախցիկի մեջ ու տեղափոխել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի «Կիրզա» սրճարան, որը գտնվում է Զեյթունի շատրվանների մոտ:
Արդեն այնտեղ «Գագ Ջանը» և «Շտանգ» մականվամբ անձը իրենց ընկերների հետ ծեծի էին ենթարկել Ա. Հարութունյանին: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ պատճառը եղել է Ա. Հարությունյանի կողմից ինչ-որ անձի գումարային պարտք ունենալը, որի մի մասը նա ժամանակին մարել է, մի մասն էլ, հայտնել էր, որ մի քանի օրերի ընթացքում կվերադարձնի, սակայն պարտքատերը, չսպասելով Ա. Հարությունյանի կողմից գումարի վերադարձմանը, դիմել էր «Գագ Ջանի» օգնությանը: Վերջինս էլ իր ընկերների հետ կազմակերպել էր Ա. Հարությունյանի առևանգումը, որպեսզի կարողանա ծեծի և սպառնալիքի միջոցով գումարը «վազվռատ» անել, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում ու չի սխալվում՝ «գողի … օրը 40 օր է», սակայն այդ դեպքում 40 րոպե էլ չէր տևել. Նոր Նորքի ոստիկանները «Գագ Ջանին» ու նրա «շքախմբին» տեղափոխել էին ոստիկանություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+