211652_close_icon
views-count1828 դիտում article-date 14:09 14-10-2015

Դավիթ Խանջյանի հիշատակին նվիրված երեկո՝ խաչատրյանական փառատոնում

Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում տեղի ունեցող համերգները յուրատեսակ երաժշտական նվիրում են մեծանուն արվեստագետներին։ Հոկտեմբերի 13-ին Կամերային երաժշտության տանը հրավիրված համերգը նվիրված էր անվանի դիրիժոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր Դավիթ Խանջյանի 75-ամյակին։ Երեկոյի ընթացքում հանդես են եկել թավջութակահարներ Սուրեն Բագրատունին (ԱՄՆ) և Հակոբ Աթյանը, դաշնակահարներ Սվետլանա Նավասարդյանը և Զարուհի Խանջյանը։ Հակոբ Աթյանը, ի դեպ, Դավիթ Խանջյանի թոռն է, իսկ Զարուհի Խանջյանը՝ դիրիժորի դուստրը։ Երեկոյի ընթացքում հնչեցին Հենդելի, Բախի, Շոպենի, Մոցարտի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը բարձր է գնահատում Խաչատրյանի անվան փառատոնի կազմակերպիչների վերաբերմունքը Դավիթ Խանջյանի հանդեպ։ «Դավիթ Խանջյանն անզուգական երաժիշտ էր, կարճ ժամանակաշրջանում գծեց մի ամբողջ դարաշրջան, եղավ նորարար թե՜ ծրագրային փոփոխությունների, թե՜ կոնցեպտուալ հարցերի, թե՜ կազմակերպչական առումներով։ Նա մեծ ծառայություններ է մատուցել քրմի նվիրվածությամբ։ Դիրիժորական վահանակի հետևում մոլեռանդ արտիստ էր։ Ցավոք, շատ շուտ ավարտվեց նրա կյանքը, սակայն ինձ թվում է՝ նա մեզ հետ է, և այսօրվա երեկոն դրա ապացույցն է։ Ես սակավաթիվ մենակատարներից եմ եղել, որ մշտապես նրա հետ նվագել է, ունեցել եմ այդ երջանկությունը»,- նշեց Սվետլանա Նավասարդյանը։ Զարուհի Խանջյանն ընդգծում է, որ հայրը հպարտ կլիներ՝ տեսնելով, որ զավակները շարունկում են իր գործը, ապրեցնում իր գաղափարները։ Նա նկատեց, որ ուրախ են հատկապես այս կազմով մասնակցել խաչատրյանական փառատոնին։ Սուրեն Բագրատունին էլ հիշում է, որ հենց սկսել է ինչ-որ բան հասկանալ երաժշտությունից, այցելել է Դավիթ Խանջյանի ղեկավարած սիմֆոնիկ նվագախմբի համերգներին, որոնք հիանալի հուշեր են իր համար։ Ըստ նրա՝ Խաչատրյանի անվան փառատոնի կազմակերպիչները շատ ճիշտ որոշում են կայացրել՝ վառ պահել հայ մեծանուն երաժիշտների հիշատակն ու պրոպագանդել նրանց աշխատանքը։ Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի անցկացմանն աջակցում են նաև «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, «Լուդինգ», «Ջերմուկ գրուպ» ընկերությունները, «Անի պլազան»։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը երաժշտասերներին Խաչատրյանի անվան միջազգային փառատոնին հետևելու հնարավորություն է տալիս առցանց՝ SYOA TV-ի միջոցով։ Իսկ փառատոնի հետագա համերգների մասին տեղեկություն կարելի է ստանալ khachaturianfestival.com կայքից։ [b]Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ [/b]

Նմանատիպ նյութեր