1581 դիտում
19:00 14-10-2015
Խաբել-խաբվելու սոցիալ-հոգեբանական ախտաբանությունը
Երբ մարդը գիտի, որ իրեն խաբում են, որովհետև մի քանի անգամ այդպես խաբել են, ինչպես նաև՝ զգում է, որ սուտ են խոսում, որովհետև ստախոսը աչքերը փախցնում է և այնպիսի բան է ասում, որ հաստատ սուտ է, բայց մարդն ուշադիր լսում է և չի ասում. «Մի րոպե, դու սուտ ես խոսում», ապա այդ մարդը տառապում է խաբվելու բարդույթով: Դա հիվանդագին վիճակ է, բնորոշ է աուտիկ, միայնակ, դեպրեսիկ, թշնամի ձեռք բերելու վախ, չհասկացվելու վախ, կարծիք արտահայտելու վախ, անպաշտան մնալու վախ ունեցող, աղքատ, անիրազեկ մարդկանց:
Խաբվելու բարդույթի ազդեցությամբ շատերի մոտ առաջացել է խաբվելու վախ: Այն մարդը, որն ամեն լուր կամ խոսք (նույնիսկ ակնհայտ ու պարզ ճշմարտությունը) ընդունում է որպես սուտ-կեղծ, վախենում է, որ իրեն կխաբեն, ապա տառապում է խաբվելու վախով, ժողովրդական լեզվով ասած՝ վախենում է, որ իրեն էշի տեղ կդնեն: Այդ վախով տարվածը չի վստահում ոչ ոքի, նույնիսկ՝ մերձավորներին: Խաբվելու վախով տարվածի կարգախոսն է «Սաղ սուտ են»: Խաբվելու վախով տառապում են հիմնականում կրթական ցածր մակարդակ ունեցողը, հոգեկան հիվանդությամբ երբևէ հիվանդացածը, սկսնակ խարդախը, խաբեբան, ժխտական բարդույթով հիվանդացածը, սահմանային իրավիճակ հաղթահարածը, պատերազմում կոնտուզիա ստացածը, բազմակի դատվածություն ունեցողը, կյանքում շատ սրիկաների հանդիպած և խաբվելու պատճառով շատ մեծ կորուստ կրած մարդիկ:
Եթե խաբվելու բարդույթով տառապողը թույլ է տալիս, որ իրեն խաբեն, ինչ-որ առումով՝ հաճույք է ստանում խաբվելուց, ապա խաբվելու վախով տարվածը ամեն ինչ անում է, որ իրեն չխաբեն, նյարդայնանում, երբեմն հոգեկան ցնցումների մեջ է ընկնում, երբ հաստատվում է, որ իրեն խաբում են, կամ ուզում են խաբել: Խաբվելու բարդույթով տառապողը երևակայում է, որ իրեն խաբողն ունի խաբելու իրավունք: Եվ այդ իրավունքն ունի սուբյեկտիվ և օբյեկտիվ հիմնավորումներ: Սուբյեկտիվը ձևակերպվում է այսպես. «Եթե մարդը թույլ է տալիս և ուզում է, որ իրեն խաբեն, ապա նրան կարելի է և պետք է խաբել»: Այս սահմանումը հաճախ կիրառում են խարդախը, գցողը իբրև իրենց անազնվության արդարացում: Օբյեկտիվ հիմնավորումն այն է, որ մարդը խաբում է ուրիշներին իր ընտանիքի, երեխաների, ծնողների բարեկեցությունն ապահովելու համար: Այս հիմնավորումն օգտագործում են մանր-մունր խաբեբայություններով իրենց եկամուտներն ավելացնողները, սպասարկման և առևտրի ոլորտի աշխատողների մի մասը, մի խոսքով՝ անազնիվ մարդիկ:
Մի ժամանակ կշեռքներն էլեկտրոնային չէին, այլ կշռաքարով ու սլաքով: Վաճառողը խառտում էր կշռաքարը, կշեռքի ոտնակներն էր խախտում, որ կշեռքը թերակշռի: Այդպես թերակշռում էին զռլամա երկրի բոլոր կշեռքները: Մի մսավաճառ կար «Գայանե» խանութում: Նա թերակշռում էր ինչպես բոլորը: Մի օր նրան կշռաքարով ծեծեցին թերակշռելու համար: Կոտրվել էին դեմքի ոսկորները: Բոլոր վաճառողները խոսում էին այդ մասին, բայց շարունակում էին թերակշռել: Սակայն միայն առևտրի ոլորտում չէր այդպես: Բոլորը բոլորին այնքան էին խաբել, որ ոչ ոք ոչ ոքի և ոչնչի չէր հավատում: Նաև ազնվության դեֆիցիտի պատճառով զռլամա այդ երկիրը կործանվեց:
[b]Թաթուլ Մկրտչյան
[/b]
Նմանատիպ նյութեր
783 դիտում
19:38 09-04-2015
Երիտասարդ հետազոտողները՝ Հայոց ցեղասպանության իրավական, պատմական և սոցիալ-հոգեբանական խնդիրների մասին
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»