211652_close_icon
views-count783 դիտում article-date 19:38 09-04-2015

Երիտասարդ հետազոտողները՝ Հայոց ցեղասպանության իրավական, պատմական և սոցիալ-հոգեբանական խնդիրների մասին

Այսօր՝ ապրիլի 9-ին, ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հանրապետական երիտասարդական գիտաժողովը: Հանրապետական գիտաժողովը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ԵՊՀ միջոցառումների նախապատրաստական աշխատանքները համակարգող հանձնաժողովի աջակցությամբ: Մինչ ելույթները գիտաժողովի մասնակիցները հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետեւ մասնակիցներին ողջունեցին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը եւ Ուսանողական գիտական ընկերության նախագահ Միքայել Մալխասյանը: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ ԵՊՀ-ի կողմից իրականացվող միջոցառումները բավականին բազմաբնույթ են ու բազմաբովանդակ: Մի քանի տասնյակ միջոցառումների շարքում շատ է կարեւորվում երիտասարդական այս գիտաժողովը, քանի որ Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրողների սերնդափոխությունը մեր բոլորի խնդիրն է: Ուստի նմանօրինակ գիտաժողովները մեծ ներդրում ունեն երիտասարդ գիտնականների կայացման գործում»,- ասաց Ռուբեն Մարկոսյանը եւ բարի երթ մաղթեց գիտաժողովի մասնակիցներին: ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Միքայել Մալխասյանն էլ նշեց, որ երիտասարդական գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 102 ուսանողներ եւ ասպիրանտներ, որոնցից ընտրվել էին 24-ը: Ի դեպ, զեկուցումներն ընտրել է Պատմության, Ռոմանագերմանական բանասիրության, Արեւելագիտության, Ժուռնալիստիկայի, Սոցիոլոգիայի եւ Հայ բանասիրության ֆակուլտետների դասախոսներից կազմված մասնագիտական հանձնախումբը: «Նմանաբնույթ միջոցառումները շատ կարեւոր հանգրվաններ են Հայոց ցեղասպանության պահանջատիրական, ճանաչման, դատապարտման եւ հատուցման խնդիրները վերհանելու համար»,- ասաց նիստը նախագահող, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը: Գիտաժողովն ացկացվում է 3 նիստերով՝ «Հայոց ցեղասպանության իրավական եւ սոցիալ-հոգեբանական հիմնախնդիրները», «Հայոց ցեղասպանության անդրադարձը մամուլի եւ գրականության մեջ» եւ «Հայոց ցեղասպանության պատմական հիմնախնդիրները»:Հանրապետական երիտասարդական գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան ԵՊՀ իրավագիտության, փիլիսոփայության եւ հոգեբանության, ռոմանագերմանական բանասիրության, միջազգային հարաբերությունների, հայ բանասիրության, սոցիոլոգիայի, ժուռնալիստիկայի, պատմության, ռուս բանասիրության ֆակուլտետների, հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ուսանողները, ինչպես նաեւ ասպիրանտները: Մասնակիցներ կային նաեւ այլ բուհերից՝ Վանաձորի պետական համալսարանից, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտից եւ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից: Գիտաժողովում ներկայացված զեկուցումները կտպագրվեն առանձին ժողովածուով:

Նմանատիպ նյութեր