211652_close_icon
views-count1457 դիտում article-date 19:24 12-10-2015

Հայաստանը մասնակցեց Պեկինում անցկացվող ամենամյա միջազգային բարեգործական տոնավաճառին և Չինաստանի կերպարվեստի միջազգային ցուցահանդեսին

Հոկտեմբերի 11-ին Չինաստանի արտաքին գործերի նախարարության հովանու ներքո Պեկինում անցկացվեց «Սերը սահման չի ճանաչում» խորագրով ամենամյա միջազգային բարեգործական տոնավաճառ, որին առանձին տաղավարով մասնակցում էր նաև Հայաստանը: Միջոցառմանը ներկա էին Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին, բարձրաստիճան պաշտոնյաներ, Պեկինում հավատարմագրված շուրջ 100 դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ: Բացման արարողությունից հետո նախարար Վան Յին այցելեց մի քանի երկրների այդ թվում՝ հայկական տաղավար: Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն արտաքին գործերի նախարարին ներկայացրեց այստեղ ցուցադրված ապրանքատեսականին, այդ թվում հայկական կոնյակը, գինին, ազգային տարատեսակ ուտեստները, հուշանվերները, Հայաստանի մասին պատմող գրքերն ու տպագիր նյութերը, որոնց վաճառքից գոյացած ամբողջ հասույթը փոխանցվելու է տոնավաճառի հիմնադրամին: Նախարար Վան Յին Չինաստանի կառավարության անունից իր խորին շնորհակալությունը հայտնեց բարեգործական ամենամյա այս նախաձեռնությանը ՀՀ դեսպանության` արդեն ավանդույթ դարձած ակտիվ մասնակցության համար: Բարեգործական տոնավաճառի այս տարվա հասույթն ուղղվելու է Չինաստանի Յուննան նահանգի գյուղական շրջանների դպրոցների ուսուցիչների սոցիալական վիճակը բարելավելու գործին: Հոկտեմբերի 7-11-ը Պեկինում տեղի ունեցավ Չինաստանի կերպարվեստի միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, ուր ներկայացված էին Չինաստանի և տարբեր երկրների արվեստագետների ստեղծագործություններ: Մշակութային կազմակերպությունների և նկարիչների միությունների հետ մեկտեղ ցուցահանդեսի կազմակերպիչներն առանձին տաղավարներ էին տրամադրել նաև Պեկինում հավատարմագրված մի քանի երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին, այդ թվում՝ Չինաստանում ՀՀ դեսպանությանը: Վերջինիս աջակցությամբ այստեղ ցուցադրված էին հայաստանցի գեղանկարիչ Ալեքսանդր Դերոյանի քսանից ավելի կտավներ: Հատկանշական է, որ այցելելով Չինաստանի տարբեր քաղաքներ և ոգեշնչվելով տեղի հարուստ մշակույթով ու բնապատկերներով՝ հեղինակին հաջողվել էր ստեղծել հայկական կերպարվեստի հարուստ ավանդույթներով ու հայկական բնապատկերներով համադրված չինական մոտիվներով ստեղծագործությունների շարք: Տաղավարում ներկայացված էին նաև Հայաստանի մասին պատմող գրականություն, Հայաստանի զբոսաշրջային ոլորտը գովազդող նյութեր, հուշանվերներ: Հայկական տաղավարի ներկայացման արարողությանը մասնակցեց Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, ով ցուցահանդեսի կազմակերպիչներին, չին արվեստագետներին ու այցելուներին, ինչպես նաև չինական լրատվամիջոցների ներկայացուցիչներին համառոտ ներկայացրեց հայկական կերպարվեստը, մշակույթը և պատմությունը, հայ-չինական մշակութային կապերը, ինչպես նաև հայ-չինական պատմական առնչությունները: Դեսպանը խոսեց նաև երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների, դրանց ամրապնդման ու զարգացման մասին՝ կարևորելով մշակութային շփումներն ու փոխանակումները: Հայկական տաղավարմն արժանացավ այցելուների և կազմակերպիչների բարձր գնահատականին

Նմանատիպ նյութեր