Հայաստանը մասնակցեց Չինաստանի կերպարվեստի միջազգային ցուցահանդեսին
Հոկտեմբերի 7-ից 11-ը Պեկինում տեղի ունեցավ Չինաստանի կերպարվեստի միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որտեղ ներկայացված էին Չինաստանի և տարբեր երկրների արվեստագետների ստեղծագործություններ:
Մշակութային կազմակերպությունների և նկարիչների միությունների հետ մեկտեղ ցուցահանդեսի կազմակերպիչներն առանձին տաղավարներ էին տրամադրել նաև Պեկինում հավատարմագրված մի քանի երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին, այդ թվում՝ Չինաստանում ՀՀ դեսպանությանը:
Վերջինիս աջակցությամբ այստեղ ցուցադրված էին հայաստանցի գեղանկարիչ Ալեքսանդր Դերոյանի քսանից ավելի կտավներ: Հատկանշական է, որ այցելելով Չինաստանի տարբեր քաղաքներ և ոգեշնչվելով տեղի հարուստ մշակույթով ու բնապատկերներով՝ հեղինակին հաջողվել էր ստեղծել հայկական կերպարվեստի հարուստ ավանդույթներով ու հայկական բնապատկերներով համադրված չինական մոտիվներով ստեղծագործությունների շարք: Տաղավարում ներկայացված էին նաև Հայաստանի մասին պատմող գրականություն, Հայաստանի զբոսաշրջային ոլորտը գովազդող նյութեր, հուշանվերներ:
Հայկական տաղավարի ներկայացման արարողությանը մասնակցեց Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, ով ցուցահանդեսի կազմակերպիչներին, չին արվեստագետներին ու այցելուներին, ինչպես նաև չինական լրատվամիջոցների ներկայացուցիչներին համառոտ ներկայացրեց հայկական կերպարվեստը, մշակույթը և պատմությունը, հայ-չինական մշակութային կապերը, ինչպես նաև հայ-չինական պատմական առնչությունները: Դեսպանը խոսեց նաև երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների, դրանց ամրապնդման ու զարգացման մասին՝ կարևորելով մշակութային շփումներն ու փոխանակումները:
Հայկական տաղավարն արժանացավ այցելուների և կազմակերպիչների բարձր գնահատականին: