211652_close_icon
views-count1426 դիտում article-date 15:15 08-10-2015

Ավարտվել է հարկային տեսուչների կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու բազմադրվագ գործով նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2014 թվականի օգոստոսին ՀՀ ՖՆ Վանաձորի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության 2-րդ բաժնի գլխավոր հարկային տեսուչ Հրաչ Մովսիսյանը և նույն հարկային տեսչության ավագ հարկային տեսուչ Արմեն Պեպանյանը պարզելով, որ Պետրոս Ջ.-ն հիմնել է տաքսի ծառայություն և զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ, հանդիպել են վերջինիս հետ, որի ընթացքում Հ. Մովսիսյանը և Ա. Պեպանյանը խմբով, նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով կաշառք ստանալու միասնական դիտավորությամբ, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը չդադարեցնելու համար Պետրոս Ջ.-ից պահանջել են յուրաքանչյուր ամիս իրենց տալ 40 հազ. ՀՀ դրամ կաշառք, և տևական ժամանակ հարկային տեսուչները վերջինիցս ստացել են խոշոր չափերով կաշառք: Բացի այդ, 2014 թվականի դեկտեմբերին, Արմեն Պեպանյանը խոշոր չափերով կաշառք ստանալու դիտավորությամբ, այցելել է ձեռնարկատեր Արայիկ Գ.-ին և հայտնել, որ իր խանութում առկա հնարավոր թերությունները, խախտումները հայտնաբերելու համար ստուգումներ չիրականացնելու պայմանով, Արայիկ Գ.-ից կաշառքի առաջարկն ընդունելով, անձամբ նրանից ստացել է խոշոր չափերով՝ 1 մլն. ՀՀ դրամ կաշառք: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ քաղաքացի Ռոմիկ Ջ.-ն հանդիպել է ավագ հարկային տեսուչ Արմեն Պեպանյանին և խնդրել է անտեսել անհատ ձեռներեց Նաիրա Ս.-ի գեղեցկության սրահում աշխատողների՝ հարկային մարմնում հաշվառած չլինելու հանգամանքը: Արմեն Պեպանյանը Ռոմիկ Ջ.-ից պահանջել է յուրաքանչյուր ամիս իրեն որպես կաշառք տալ 25 հազ. ՀՀ դրամ: Համաձայնության գալուց հետո Ա. Պեպանյանն ամիսներ շարունակ Ռոմիկ Ջ.-ից անձամբ ստացել է կաշառքի գումարները: Բացի այդ, 2015 թվականի փետրվարին Հրաչ Մովսիսյանը զանգահարել է անհատ ձեռներեց Արտյոմ Շ.-ին և վերջինիս խանութում առկա հնարավոր թերությունները, խախտումները չհայտնաբերելու, ստուգումներ չիրականացնելու և ավելորդ խնդիրներ չստեղծելու պայմանով պահանջել է հարկային պարտավորություններից զատ, յուրաքանչյուր ամիս իրեն որպես կաշառք տալ 10 հազ. ՀՀ դրամ, որը 2015 թվականի փետրվարից սկսել է ստանալ: Դրանից բացի, Հրաչ Մովսիսյանը տեղեկանալով, որ քաղաքացի Ռաֆիկ Հ.-ն տան տարածքում ունի պանրի արտադրամաս և առանց համապատասխան պետական գրանցման իրականացնում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, վերջինիցս պահանջել է երկու ամիսը մեկ իրեն որպես կաշառք տալ 15 հազ. ՀՀ դրամ: 2015 թվականի փետրվարից Հրաչ Մովսիսյանը Ռաֆիկ Հ.-ից սկսել է ստանալ կաշառքի գումարները: Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ քաղաքացի Արսեն Բ.-ն 2003 թվականից զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ՝ կատարելով հարկային պարտավորությունները: Հրաչ Մովսիսյանը, շորթմամբ կաշառք ստանալու դիտավորությամբ, այցելել է Արսեն Բ.-ին և պահանջել 1 տոկոս շրջանառության հարկը վճարելուց բացի, մնացած 2.5 տոկոսը տալ իրեն՝ որպես կաշառք: Արսեն Բ.-ն հրաժարվել է, իսկ Հրաչ Մովսիսյանը սպառնացել է խոչընդոտել նրա օրինական գործունեությանը՝ պնդելով, որ կաշառք չտալու դեպքում պարբերաբար կայցելի, կարձանագրի խախտումներ և կենթարկի վարչական պատասխանատվության: Արսեն Բ.-ն հարկադրված համաձայնել է Հ. Մովսիսյանի ակնհայտ ապօրինի պահանջին, այն է՝ յուրաքանչյուր ամիս տալ 70 հազ. ՀՀ դրամի 2.5 տոկոսը, սակայն նրան գումարը չի հասցրել տալ: Քրեական գործի նախաքննության ընթացքում Հրաչ Մովսիսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ Արմեն Պեպանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Վերջիններիս նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր