Արթուր Բաղդասարյանը «outsider»-ի կարգավիճակում է հայտնվել. «168 Ժամ»
«168 Ժամ»-ը անդրադարձել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) արդեն նախկին քարտուղար, «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին ու գրել, որ ԱԱԽ քարտուղարի պաշտոնն օգտագործելով՝ որոշակի հարաբերություններ հաստատեց ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:
Ըստ թերթի, այդ հարաբերություններն օգտագործելով՝ Բաղդասարյանը առաջ քաշեց Հայաստանում ՀԱՊԿ Ակադեմիայի ստեղծման գաղափարը ու ինքն էլ դարձավ այդ ակադեմիայի ղեկավարը:
Վկայակոչելով Երևանում ՀԱՊԿ ակադեմիան հիմնելու նախագիծը չեղարկելու մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը՝ թերթը գրել է. «Ի՞նչ է անելու Արթուր Բաղդասարյանը, ի՞նչ եղան Բորդյուժայի, Պատրուշևի և, առաջին հերթին՝ Պուտինի անվերապահ վստահությունը: Ամեն դեպքում, ՕԵԿ-ի կողմից այնպես էր ներկայացվում, ասես Ռուսաստանը հատուկ իր կադրի համար պաշտոն է ստեղծում: Այնպիսի պաշտոն, որն Ա. Բաղդասարյանը գերադասեց ՀՀ Անվտանգության խորհրդի նման կառույցի ղեկավարի պաշտոնից: Արդյունքում, նա մնաց խաղից դուրս՝ և ՀՀ իշխանությունների կողմից լքված ու դեն նետված լինելով, և, առավել ևս, չունենալով հայ հասարակության և քաղաքական ուժերի վստահությունը՝ որպես գործընկերոջ: Ռուսաստանի պատասխանն Արթուր Բաղդասարյանին առավել լակոնիկ էր՝ շենքը կառուցելու և Ակադեմիայի գործունեությունն ապահովելու համար փող չկա»: