211652_close_icon
views-count4767 դիտում article-date 09:10 08-08-2014

4 ամիս առաջ մահափորձի ենթարկվածն օրերս ինքն է հայտնվել կալանավորի կարգավիճակում․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «4 ամիս առաջ մահափորձի ենթարկված Անդրանիկ Խոջումյանն օրերս ինքն է հայտնվել կալանավորի կարգավիճակում: Իջևանի «Իջևանատուն» հյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանի նկատմամբ մահափորձին «Ժողովուրդ»-ը նախկինում անդրադարձել է: Միջադեպը տեղի էր ունեցել ապրիլի 1-ին, հենց հյուրանոցի մոտ: Ոստիկանության հաղորդագրության համաձայն. «Ապրիլի 1-ին՝ ժամը 23.50-ի սահմաններում, 1971 թ. ծնված Աշոտ Ա.-ն Իջևան քաղաքի սկզբնամասում գտնվող հյուրանոցային համալիրի մուտքի մոտ, սպանելու դիտավորությամբ, ձեռքին եղած ատրճանակից 3-4 կրակոց է արձակել նույն համալիրի սեփականատեր, 1965 թ. ծնված Անդրանիկ Խ.-ի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ գնդակները նպատակին չեն ծառայել, ինչից հետո Անդրանիկ Խ.-ն իրեն օրինական պատկանող «Սայգա-ՄԿ» տիպի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգից ինքնապաշտպանական կրակոցներ է արձակել օդ և մուտքի բետոնե հենասյանը: Աշոտ Ա.-ն, իր հետ եկած տարբեր մակնիշի 5 ավտոմեքենաների և դեռևս չպարզված ուղևորների հետ միասին, դիմել է փախուստի»: Ապրիլի 4-ին ոստիկանները ձերբակալել էին Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, 43-ամյա Աշոտ Աիդինյանին: Բայց քրեական գործը չորս ամիս քննելուց հետո ՀՔԾ-ն կալանավորել է նաև Անդրանիկ Խոջումյանին: Ըստ ՀՔԾ հաղորդման` «Քրեական գործի հետագա քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Աշոտ Աիդինյանին վերագրվող հանցագործություններից բացի, բացահայտվել է նաև մեկ այլ անձի` Անդրանիկ Խոջումյանի կողմից կատարված հանցագործություն, որի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ և Անդրանիկ Խ.-ն կալանավորված է»: Թե կոնկրետ ի՞նչ արարքի մասին է խոսքը, ի՞նչ մեղադրանք է նրան ներկայացվել, ՀՔԾ-ն չի մանրամասնում, ինչն առնվազն տարօրինակ է: Մինչ այդ, նկատենք՝ Խոջումյանի նկատմամբ մահափորձերը կարծես պարբերական բնույթ են կրում. դեռ 3-4 տարի առաջ նրա նկատմամբ ևս մեկ մահափորձ էր եղել. անհայտ անձը կրակել էր Խոջումյանի վրա: Սակայն գործն այն ժամանակ չէր բացահայտվել: Որոշ ժամանակ անց այդ միջադեպի մասին մոռացել էր»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր