211652_close_icon

Հասարակությանը հույս եք տալիս, որ ի՞նչ անի

views-count1823 դիտում article-date 19:00 05-10-2015
Հույսը քրիստոնեական արժեհամակարգի առաջին սյունն է (հույս, հավատ, սեր): Այն սկալյար արժեք չէ և կոնկրետ ուղղություն ունի: Եթե հավատն ու սերը մարդուն ուղեկցում են գրեթե ամբողջ կյանքում, ապա հույսը` միայն դժվար պահերին: Այսինքն, հույսի մասին հիշում են սահմանային իրավիճակում: Այս առումով հույսը էկզիստենցիալ մեծություն է և ուղղակի կապ ունի մարդու կեցության հետ: Հավատի և սիրո նման հույսը սուբյեկտիվ է: Այսինքն, հույսը չի կարող գոյություն ունենալ մարդուց, սուբյեկտից դուրս և անկախ: Երբ ասում են՝ «այո, վատ է, բայց հույս կա, որ լավ է լինելու», նկատի ունեն, որ այդ հույսը, իրենցից բացի, ունոն նաև իրենց վիճակում հայտնված այլ մարդիկ: Ինչպես միևնույն բանին կարող է հավատալ մեկից ավելի մարդ, այնպես էլ ինչ-որ բանի հետ նույն հույսը կարող է կապել մեկից ավելի մարդ: Այդպիսով, հույսը հասարակական-ընդհանուր կիրառության առարկա է: Այն կարելի է տալ միանգամից մի քանի մարդու, խմբի, ժողովրդի կամ նույնիսկ ժողովուրդների: Օրինակ. Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ֆաշիզմի և Նացիզմի կողմից նվաճված մի շարք երկրների ժողովուրդներ ազատագրման հույս էին կապում Ուինստոն Չերչիլի հետ, մի շարք ժողովուրդներ հույս էին կապում Լակի Լուչանոյի հետ և այլն: Հույսը նոր բովանդակություն է ստացել քաղաքացիաժողովրդավարական հեղափոխություններից հետո, երբ հաջողությունը դարձավ մարդու ունիվերսալ ձեռքբերումը: Հաջողության հասնելու համար պետք է շատ աշխատել, անընդհատ աշխատել և հուսալ, որ հաջողության ես հասնելու: Աշխատող մարդը հոգնում կամ ձանձրանում է, երբ աշխատանքին չի ուղեկցում հույսը: Այսինքն՝ մարդը հոգնում է այն ժամանակ, երբ հույս չունի, որ հաջողության է հասնելու: Երբ ասում են «հոգնած մարդ», նկատի ունեն մարդ, որը չունի կամ կորցրել է հաջողության հասնելու հույսը: Այդ առումով հոգնածը սոցիալական կատեգորիա է: Հոգնելը կապ չունի աշխատանքի ծավալի կամ ծանրության հետ: Հոգնում է նա, որն աշխատանքը չի համարում իր գործը, աշխատում է պարտադրված (եզի, էշի նման), չի ուրախանում արդյունքով, ձեռքբերումով, հաղթանակով: Հոգնած մարդն ընկնում է ձախորդության շրջանակի մեջ: Հոգնած ժողովուրդը արտագաղթում է կամ դանդաղ մահանում: Հոգնած զորավարը կորցնում է բանակը: Հոգնած ազգը կորցնում է անկախությունը: Հույսն ունի կամքն ամրացնող հատկություն: Այլ կերպ ասած՝ կամքը սնվում է հույսով: Երբ հույսը մարում է, կամքն ի չիք է դառնում: Երբ մարդը կորցնում է երջանիկ ապրելու հույսը, պասիվանում է ու վերածվում հոգնած մարդու: Հոգնածին չեն հետաքրքրում պետությունը, հասարակական խնդիրը, քաղաքականությունը, գաղափարը, արժեքը, սրբությունը: Նա անտարբեր է նույնիսկ իր գոյությանն ուղղակի առնչվող հարցերին: Այնպես որ, արտագաղթը կասեցնելու, տնտեսությունը զարգացնելու, հաղթանակը պաշտպանելու և նոր հաղթանակներ տանելու համար հույս է պետք տալ ժողովրդին: Հարցն այն է, թե ով կամ ինչը կարող է հույս ներշնչել հոգնած ժողովրդին և կրկին արթնացնել նրան: [b]Թաթուլ Մկրտչյան [/b]

Նմանատիպ նյութեր