211652_close_icon
views-count1357 դիտում article-date 11:02 21-09-2015

Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` Անկախության տոնի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Մեծարգո Սերժ Ազատի, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ մեր ողջ ժողովրդին` Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ, տոն, որը խորհրդանշում է ազատ ու անկախ ապրելու մեր դարավոր կամքն ու վճռականությունը: Կորցնելով պետականությունը` հայ ժողովուրդը հարյուրամյակներ շարունակ ենթարկվել է բազում փորձությունների, դիմակայել թշնամիների ոտնձգություններին ու կրել ծանր զրկանքներ: Սակայն նա երբեք չի հուսալքվել, չի կորցրել ազգային ինքնությունը, հավատն ու լեզուն եւ պահ անգամ չի հրաժարվել իր նպատակներից: Այդ նպատակներն իրականություն դարձան 1991 թվականին, երբ հայկական հինավուրց հողի վրա վերականգնվեց անկախ պետականությունը: Դա մեր ժողովրդի փրկության ճանապարհն էր, հաղթանակների ու ձեռքբերումների, կայացման ու ինքնահաստատման ուղին, որը նա անցնում է արժանապատվորեն` իր միասնականության ու անսասան ոգու շնորհիվ հաղթահարելով բոլոր դժվարություններն ու խոչընդոտները, օր օրի ամրապնդելով ու զորացնելով հայրենի երկիրը եւ կերտելով իր հուսալի ապագան: Մեծարգո Սերժ Ազատի, Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մեր բոլոր հայրենակիցներին` Անկախության տոնի առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, հաջողություններ ու ամենայն բարիք մեր ժողովրդին ու Մայր Հայաստանին, որը բոլոր հայերի հայրենիքն է, հպարտությունն ու ապավենը»:

Նմանատիպ նյութեր