211652_close_icon
views-count1934 դիտում article-date 15:21 19-09-2015

Փորձ է արվում լուծել Թալինի գյուղաբնակ աղջիկների զբաղվածության հարցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Թալինի տարածաշրջանի 14-18 տարեկան 30 աղջիկներ սովորում են գոբելենագործության հմտությունները։ Նախաձեռնությունը «Բարեկամություն» հասարակական կազմակերպությանն է, որը «Ապագան քո ձեռքերում է» ծրագրի միջոցով փորձում է լուծել գյուղաբնակ աղջիկների զբաղվածության հարցը, նաև խթանել ձեռագործությունը։ Դասընթացներն իրականացվում են «Թալինի կանանց ռեսուրս կենտրոն» զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ, որի տնօրեն Գայանե Խաչատրյանը ցանկություն հայտնեց, որ Թալինում ավելի շատ նման միջոցառումներ անցկացվեն. «Մեր տարածաշրջանում հասարակական կազմակերպությունները ծրագրեր չեն իրականացնում։ Հիմնականում կենտրոնանում են սահմանամերձ գյուղերի վրա։ Շատ կցանկանայինք, որպեսզի նման նախաձեռնություններն ավելի հաճախակի լինեին»։ Նա նաև նկատում է, որ գյուղերում կանանց մեծ մասը չի կարողանում բարձրագույն կրթություն ստանալ, շատերն էլ, եթե անգամ ավարտում են բարձրագույն ուսումնական հաստատություններ, չեն կարողանում համապատասխան աշխատանք գտնել։ Ուստի ձեռագործությունը՝ որպես լրացուցիչ մասնագիտություն, կարող է նրանց օգնել գումար վաստակելու հարցում։ Գայանե Խաչատրյանը դասընթացի մասնակիցներին օգնում է իրացնել ձեռքի աշխատանքները։ Դրանք ներկայացնում է կայքերի միջոցով, մասնակցում է ցուցահանդես-վաճառքների։ Նա նաև նկատում է, որ գյուղական համայնքներում գործազրկության կրճատման նպատակ ունեցող այս ծրագիրը կխթանի երիտասարդական ձեռներեցությունը` կիրառելով արհեստների ու արվեստների ավանդական ուղղությունները։ Գոբելենագործության դասընթացի մասնակիցներից է Անիտա Թորոսյանը։ Սովորում է 8-րդ դասարանում, այս խմբակում առաջին անգամ է փորձում գոբելեն գործել։ Արդեն իր ձեռքերով հյուսել է պայուսակ։ Ասում է, որ սիրով է այս գործն անում։ Նշենք, որ «Բարեկամություն» հասարակական կազմակերպության կողմից դասընթացներն իրականացվում են ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր