211652_close_icon
views-count1242 դիտում article-date 23:52 04-09-2015

Դեսպան Ղազարյանն աշխատանքային այց կատարեց Բարի քաղաք

Սեպտեմբերի 1-ին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանն աշխատանքային այց կատարեց Բարի քաղաք: Այցելության ընթացքում դեսպանը հանդիպում ունեցավ Բարիի քաղաքապետ Անտոնիո Դեկարոյի հետ: Կողմերն անդրադարձան Բարիի՝ հայ ժողովրդի և Հայաստանի հետ ունեցած պատմական ու ներկայիս կապերին, դրանց զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին: Զրուցակիցները երկկողմ հարաբերությունների զարգացման գործում կարևորեցին Բարիի հայ համայնքի դերը: Նույն օրը` երեկոյան, դեսպանն «Anima Mea» դասական երաժշտության փառատոնի գեղարվեստական տնօրեն Ջիոակինո Դե Պադովայի հետ կատարեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կերամիկական գեղարվեստական ինստալացիայի բացման արարողությունը: Ավելի ուշ տեղի ունեցավ «Anima Mea» դասական երաժշտության փառատոնի պաշտոնական բացումը, որի առաջին համերգն այս տարի նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան դեսպան Ղազարյանը և Պուլիա մարզի փոխնախագահ Անտոնիո Նունցիանտեն: Փառատոնը տևելու է 3 ամիս, և նախատեսված 52 համերգներից 10-ը նվիրված են լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգում իտալացի հայտնի երգչուհի Քրիստինա Ձավալոնիի կատարմամբ հնչեցին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերը՝ «Ensemble 05» նվագախմբի նվագակցությամբ: Համերգը կրում էր «Քեզ համար, Հայաստա՛ն» խորագիրը և տեղի ունեցավ Նոր Արաքս բնակավայրում, որը 1920-ական թթ. հիմնել են արևմտահայ փախստականները։ Տեղական մամուլը լայնորեն անդրադարձավ դեսպան Ղազարյանի Բարի կատարած այցին, Հայոց ցեղասպանության թեմային և այդ կապակցությամբ անցկացված միջոցառումներին: Դեսպան Սարգիս Ղազարյանը նաև հարցազրույցներ տվեց իտալական «RAI3» և «Tele Bari» հեռուստաընկերություններին` խոսելով հայ-իտալական պատմական ու ներկայիս հարաբերությունների, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին: Դեսպանի` «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նոր թափ ենք հաղորդում Բարիի և Իտալիայի հետ կապերին» վերնագրով հոդվածը հրապարակվեց իտալական «Corriere della Sera» օրաթերթում:

Նմանատիպ նյութեր