Լևոն Արոնյան. Բաքվում կձգտեմ բավականություն պատճառել տեղի շախմատասերներին
Սենթ-Լուիսի գերմցաշարի [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/02/63584/]հաղթող[/url] Լևոն Արոնյանը անդրադարձել է շախմատի Աշխարհի Գավաթի խաղարկությանը, որը մեկնարկելու է սեպտեմբերի 10-ին՝ Բաքվում:
«Մեկ շաբաթից մեկնելու եմ Բաքու: Ցավոք սրտի, շախմատիստների համար դժվար է նպաստել երկու երկրների միջև հակամարտության լուծմանը: Սակայն երաժիշտները, տարբեր ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչները Ադրբեջան են ժամանում որպես խաղաղություն բերող մարդիկ և ես կփորձեմ հետևել նրանց օրինակին:
Կձգտեմ ցույց տալ, որ հարգում եմ հարևան երկիրը, ցուցադրել իմ լավագույն շախմատը և բավականություն պատճառել տեղի շախմատասերներին», ասել է Արոնյանը:
Նշենք, որ Բաքվում մեկնարկելիք Աշխարհի Գավաթի խաղարկությանը Հայաստանը կներկայացնեն 4 գրոսմայստեր՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը:
Մրցաշարին մասնակցելու են 128 շախմատիստ, որոնք կբաժանվեն զույգերի և երկու պարտիայից բաղկացած մրցամարտ կանցկացնեն, որի հաղթողը հաջորդ փուլ դուրս կգա: Հավասար արդյունքի դեպքում հաղթողը կորոշվի լրացուցիչ՝ արագ պարտիաների արդյունքում: