Նոր բարեգործական ակցիա՝ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ
Սեպտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ տեղի կունենա բարեգործական ձեռնարկ:
«Tecbuy» և «Airpo-Tech» ընկերությունների սփյուռքահայ գործարարներ Տիգրան Տչաբլակյանը և Գրիգոր Ժաբուրյանը Հենրիխ Մխիթարյանին կնվիրեն իրենց հեղինակած «էրեբունի հավերժ» ոսկյա բացառիկ ինքնահոս գրիչը, որն արտադրվել է իտալական հնագույն գրիչների արտադրող Մոնտեգրապպա (Montegrappa) ընկերության կողմից: Գրիչը թողարկվել է Շվեյցարիայի BaselWorld տոնավաճառում, որը ժամացույցների և ոսկերչական իրերի աշխարհի ամենամեծ տոնավաճառն է:
Գրիչի վրա պատկերված են հայկական խորհրդանիշեր՝ հայոց այբուբենը, նուռ, «Հավերժության անիվը», աղավնի, Զվարթնոցի և Էջմիածնի տաճարները և այլն:
Հենրիխ Մխիթարյանն այդ գրիչով կստորագրի գնդակներ, որոնք կնվիրաբերվեն հանդիսությանը ներկա «Հայկական Կարիտաս» ընկերության 30 շահառու երեխաների Գյումրիից, Վանաձորից, Արտաշատից, Երևանից, որոնցից տասը Հայաստանում հանգրվանած սիրիահայ երեխաներ են:
Հենրիխ Մխիթարյանը բարեգործական ձեռնարկի ընթացքում կստորագրի նաև անվանական 2 մարզաշապիկներ և 20 գնդակներ, որոնք հետագայում կդրվեն բարեգործական աճուրդի, որից գոյացած գումարը կտրամադրվի Հայաստանի մանկատների սաներին, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Միջոցառման տևողությունը՝ 30 րոպե Մուտքը՝ հրավիրատոմսերով: Մեդիայի ներկայացուցիչների համար մուտքն ազատ է: