211652_close_icon
views-count1001 դիտում article-date 18:18 28-08-2015

Նախագահն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Ալա ալ-Դին Սաադ ալ-Լեյսիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Սաադ ալ-Լեյսիին` դեսպանի բարձր պաշտոնում հայ-եգիպտական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ դեսպան Սաադ ալ-Լեյսիի պաշտոնավարման ընթացքում ակտիվացել են երկկողմ միջպետական հարաբերությունները, ընդլայնվել է համագործակցության օրակարգը, այդ ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել երկու երկրների նախագահների ու վարչապետների մակարդակով, և ստեղծված են բոլոր նախադրյալները հարաբերություններն ավելի խորացնելու և ամրապնդելու համար: Նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանում Եգիպտոսի հաջորդ դեսպանը լավագույնս կօգտագործի այդ նախադրյալները՝ նոր եռանդով ու նվիրվածությամբ կատարելով իր առաքելությունը ի նպաստ երկու բարեկամ երկրների և ժողովուրդների: Դեսպան Սաադ ալ-Լեյսին շնորհակալություն է հայտնել Նախագահին ջերմ խոսքերի և գնահատանքի համար, վստահեցնելով, որ Հայաստանում իր պաշտոնավարման շուրջ չորսուկես տարիներին արել է ամեն հնարավորը՝ Հայաստանի ու Եգիպտոսի միջև հարաբերությունների զարգացման համար ու հեռանում է մեր երկրից ջերմ հիշողություններով՝ մշտապես մնալով Հայաստանի բարեկամը:

Նմանատիպ նյութեր