211652_close_icon
views-count1543 դիտում article-date 15:43 27-08-2015

Հայաստանի ըմբիշները աշխարհի առաջնությունում չկարողացան զարգացնել հաջողությունները

Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաքաք Սարաևոյում շարունակվում է ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը: Երեկ իրենց մրցելույթներն ավարտեցին հունահռոմեկան ըմբիշները: Նախօրեի մեկնարկային հաջողությունը (3 բրոնզե մեդալ) Հայաստանի ըմբիշներին չհաջողվեց զարգացնել: Գորգ ելած հայաստանցի ըմբիշներից բրոնզե մեդալին թերևս մոտ էր 46 կգ քաշային Սերգեյ Սիմոնյանը, սակայն երրորդ տեղի համար պայքարում նա պարտվեց ռուսաստանցի Ատմիր Կոտչևին: Սերգեյը տարավ երկու հաղթանակ և կրեց նույքան պարտություն ու բավարարվեց 5-րդ տեղով: Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ ուզբեկ Տուրաբեկ Տիրկաշևը՝ եզրափակչում հաղթելով թուրք Կերեմ Քեմալին: 42 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը որակաորման փուլում պարտվեց ռուսաստանցի Աբու Մուսլիմ Ամաևին, սակայն քանի որ Ամաևը հասավ եզրափակիչ, Աշոտը մասնակցեց սփոփիչ գոտեմարտերի: Մխիթարյանը նախ 10:6 հաշվով հաղթեց Ղրղզստանը ներկայացնող Էրմեկ Կանիբեկին, ապա համառ պայքարում զիջեց ճապոնացի Կենսուկե Շիմիցուին և զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից: Այս քաշային կարգում հաղթող դարձավ իրանցի Ռոյա Մարզը՝ 2:1 հաշվով հաղթելով Ամաևին: 69 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրեց Ալեքսան Հարությունյանը: Նա որակավորման փուլում հեշտությամբ հաղթեց նորվեգացի Պեր Անդրես Կուրեին, ապա 9:0 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Դմիտրի Վասետսկիին: Սակայն քառորդ եզրափակչում 1:2 հաշվով զիջեց ուզբեկ Աբուդակր Ալիմովին: Այնուամենայնիվ, Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանի ղեկավարությամբ Սարաևոյում հանդես եկած 6 ըմբիշներից երեքին հաջողվեց կանգնել պատվո պատվանդանի երրորդ աստիճանին: Բրոնզե մեդալակիրներ դարձան Տիգրան Մինասյանը (54 կգ), Էդգար Թամազյանը (58 կգ), Մալխաս Ամոյանը (63 կգ): Օգոստոսի 29-ին Սարաևոյի մրցագորգը կտրամադրվի ազատ ոճի ըմբիշներին: Հայաստանը Արշակ Հայրապետյանի գլխավորությամբ կներկայացնեն վեց ըմբիշներ:

Նմանատիպ նյութեր