1931 դիտում
14:17 26-08-2015
Հայաստանի ըմբիշները երեք բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
Բոսնիա Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում երեկ մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում շատ հաջող են մեկնարկել Հայաստանի ըմբիշները, որոնցից երեքը կանգնեցին պատվո պատվանդանի երրորդ աստիճանին:
54 կգ քաշային կարգում Տիգրան Մինասյանը նախ համոզիչ առավելությամբ որակաորման փուլում հաղթեց սերբ Ադամ Կատոնային, ապա նույնքան վստահ մեկը մյուսի ետևից 8:0 հաշվով հաղթեց նախ թուրք Ահմետ Ույարին, ապա իրանցի Մոհամադ Մուխթարին: Դժվարին ճանապարհ անցած Տիգրանը կիսաեզրափակչում պարտվեց վրացի Ջոնի Կետսուրիանիին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը նույնպես 8:0 հաշիվ գրանցեց իր օգտին՝ այս անգամ պարտության մատնելով ճապոնացի Այատա Սուզուկիին: Այս քաշային կարգում հաղթող դարձավ ուկրաինացի Ալեքսանդր Խրյուշինը:
58 կգ քաշային կարգում հանդես եկած Էդգար Թամազյանը դժվարին հաղթանակով սկսեց՝ 1/8 փուլում 2:1 հաշվով պարտության մատնելով ուկրաինացի Սերգեյ Խրյուշինին: Քառորդ եզրափակչում վրացի ըմբիշ Դավիթ Բակուրաձեի նկատմամբ Էդգարին հաղթանակը շատ հեշտ տրվեց՝ 8:0, սակայն կիսաեզրափակչում նա պարտվեց իրանցի Ամին Կավիյանինեժադին և ստիպված եղավ պայքարել բրոնզե մեդալի համար: Երրորդ տեղի համար գոտեմարտում Էդգարը 3:1 հաշվով հաղթեց ամերիկացի Թեյլոր Լամոնտին: Այս քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Էդգարին կիսաեզրափակիչում հաղթած Կավիյանինեժադը` եզրափակչում հաղթելով բելառուս Եգոր Վլադիկային:
63 կգ քաշային կարգում հանդես եկած Մալխաս Ամոյանի մրցելույթը սկսվեց պարտությամբ: Նա դեռ որակավորման փուլում 2:3 հաշվով զիջեց Եգիպտոսի ներկայացուցիչ Մոհամեդ Ալ Սաիդին: Թվում էր՝ Ամոյանից այլևս սպասելիք չի լինի, սակայն Ալ Սաիդը, ի զարմանս բոլորի, մեկը մյուսի ետևից հաղթելով մի քանի ըմբիշների՝ հասավ եզրափակիչ և Մալխասին նոր գոտեմարտեր անցկացնելու հնարավորություն տվեց: Ամոյանը սփոփիչ գոտեմարտերը վերելքով անցկացրեց՝ 8:0 հաշվով հաղթելով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դոմինիկ Դեմասին, ապա՝ 4:1 հաշվով հունգարացի Թամաշ Լեվաին: Իսկ բրոնզե մեդալի համար պայքարում Ամոյանը պարզապես ջախջախեց թուրք Աբդուլա Ֆատիհ Դեմիրին: Այս քաշային կարգում չեմպիոն հռչակվեց վրացի Այվենգո Ռիկաձեն՝ եզրափակչում մեծ դժվարությամբ առավելության հասնելով եգիպտական անակնկալի նկատմամբ:
Պատանի հունահռոմեականների հաջողությունն անկասկած շատ մեծ է, քանի որ ընդամենը երկու շաբաթ առաջ Սերբիայում ավարտված Եվրոպայի առաջնությունից նրանք տուն էին վերադարձել ընդամենը մեկ բրոնզե մեդալով: Տեղեկացնենք նաև, որ Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի պատանեկան հավաքականը Սարաևոյում հանդես է գալիս Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ: Այյսօր բոսնիական մրցագորգ դուրս կգան Հայաստանի ևս երեք պատվիրակ, հայտնում է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան:
Նմանատիպ նյութեր
2038 դիտում
13:47 30-10-2023
Հունահռոմեական ոճի ըմբիշները Աշխարհի առաջնությունում 1 բրոնզե մեդալ են նվաճել. ArmSport.am
1788 դիտում
17:37 17-07-2014
Ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությանը. հայ ըմբիշները արդեն իսկ նվաճել են 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ
6708 դիտում
22:55 25-02-2018
Հունահռոմեական ըմբիշները չորս բրոնզե մեդալ են նվաճել Կիեւում