1733 դիտում
18:32 17-08-2015
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն աշխատում է գերծանրաբեռնված գրաֆիկով
Հաշվի առնելով աննախադեպ և տևական շոգ եղանակային պայմանները, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն աշխատում է գերծանրաբեռնված գրաֆիկով՝ շուրջօրյա աշխատանքային ռեժիմով:
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականների՝ աշխատանքներ են իրականացվում ինչպես ոռոգման ջրամատակարարման, այնպես նաև հանգստյան գոտիների, ցայտաղբյուրների, շատրվանների, հակահրդեհային հիդրանտների ծավալների անխափան ու հաստատուն ռեժիմների ապահովման ուղղությամբ:
Չնայած 2015 թվականի ընթացքում գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողատարածքներն ավելացել են 6.0 հազ հեկտարով, որից՝ 3.7 հազ հա՝ բանջար-բոստանային, 1.2 հազ հա՝ կարտոֆիլ, 0.5 հազ հա՝ ծխախոտ ու արևածաղիկ և 0.6 հազ հա՝ կերային մշակաբույսեր, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն հայտնում է, որ ջրամատակարարման գրաֆիկներից էական շեղումներ չեն եղել:
Լրացուցիչ ցանքատարածությունները և շոգ եղանակային պայմանները մեծացրել են ջրի պահանջարկը: Կոմիտեն մինչև օրս բավարարել է բոլոր հայտերը, իսկ առկա ջրային ռեսուրսները բավարար են ոռոգման ողջ շրջանն ավարտելու համար: Ջրամատակարարմանը զուգահեռ մշտապես իրականացվում են վթարարավերականգնողական աշխատանքներ, անգամ խոշոր վթարները (օրինակ՝ Կոտայքի և Ամբերդի ջրատարների) վերականգնվում են սեղմ ժամկետներում:
Հիմնական ջրամբարներում առկա ջրաքանակները, Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառի օրենքով նախատեսված չափաքանակի մնացորդը, պոմպակայանների և խորքային հորերի ողջ հզորությունների օգտագործումը, ինչպես նաև ջրի արդյունավետ, օպերատիվ և նպատակային կառավարման մեխանիզմների կիրառումը հնարավորություն են տալիս թե՛ մեխանիկական, թե՛ ինքնահոս եղանակներով ապահովել առկա ջրապահանջը:
Բնակչության շրջանում առկա խնդիրներին, մտահոգություններին, առաջարկություններին արագ արձագանքելու նպատակով ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ինտերնետային կայքում բացված է թեժ գիծ (010-54-01-35), որին խնդրում ենք ուղղել բոլոր հարցերը:
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն կարևորում է ազգաբնակչության մոտ ջրամատակարարման մասով ձեռք բերված վստահությունը և հավատը:
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտե
Նմանատիպ նյութեր
1608 դիտում
18:14 26-02-2016
Ջրային տնտեսության պետական կոմիտեն հանձնարարականներ է տվել` ոռոգման շրջանը պատշաճ կերպով սկսելու համար
Այս բաժնից
1153 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)
1459 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ