1716 դիտում
11:29 14-08-2015
Թիմային հաշվարկով Երևանը զբաղեցրել է Համահայկական ամառային վեցերորդ խաղերի առաջին հորիզոնականը
Համահայկական ամառային վեցերորդ խաղերի փակման հանդիսավոր արարողության շրջանակում Համահայկական խաղերի դրոշը ի պահ է տրվել Երևանին, որը հանձնվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Օգոստոսի 2-ից 13-ն անցկացվող մարզական այս խոշոր ստուգատեսը միավորել էր աշխարհի 36 երկրի 175 քաղաքներից ժամանած 6352 մարզիկների: Խաղերի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, բազմաթիվ երևանցիներ ու մայրաքաղաք այցելած հյուրեր:
Ողջունելով և շնորհավորելով Համահայկական ամառային վեցերորդ խաղերի մասնակիցներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ համայն հայության մայրաքաղաք Երևանի դռները միշտ բաց են յուրաքանչյուր հայի առջև: Քաղաքապետը նաև նկատել է, որ մարզական այս մեծ տոնը հազարավոր հայերի համար դարձավ յուրօրինակ հնարավորություն ոչ միայն հայրենիք այցելելու, այլև նորանոր ընկերներ ձեռք բերելու:
«Երևանը հայտնի է իր ջերմությամբ ու հյուընկալությամբ, սակայն դուք հյուր չեք Երևանում այն բոլորիս տունն է, համայն հայության մայրաքաղաքը, որի դռները միշտ բաց են հայի համար: Վստահ եմ, որ սիրեցիք Երևանը, հիացաք նրա հայկական գեղեցկությամբ, գնահատեցիք մեր պապերից ու հայրերից ժառանգածը:
Այսօր հայոց մայրաքաղաքի շենացման նվիրական գործին լծված է նոր սերունդը, երիտասարդությունը: Մասնակիցը դարձեք
նաև դուք, որով և Երևանը առավել հոգեհարազատ կդառնա ձեզ: Երևանի քաղաքապետարանն արել էր հնարավորը Համահայկական խաղերի պատվիրակությունների, մեր հայրենակիցների առօրյան Երևանում գեղեցիկ դարձնելու համար, երեկոյան Երևանը վայելելու համար: Տոնական այս օրերին շատերդ միմjանց գտաք ու վերագտաք, խաղերից ու մրցակցությունից բացի, նաև միմյանց ճանաչեցիք ու արժևորեցիք:
Այն առավել մեծ արժեք է դառնում, քանզի ձեր մտերմությունը կայացավ մայր հայրենիքում, քաղաքամայր Երևանում: Երևանյան ջերմությամբ ու սիրով շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին: Մենք հպարտ ենք աշխարհի հայ երիտասարդությամբ, նրանց նկատելի տաղանդով ու շնորհներով, մրցունակ ներուժով, ու նրանց մասնակցությամբ առավել շեն ու կայուն է լինելու մեր հայրենիքը, առավել հմայիչ` մեր մայրաքաղաքը:
Բարի վերադարձ եմ մաղթում ամենքիդ: Երևանը միշտ սպասելու է ձեզ: Բարով գաք Երևան»,- ընդգծել է քաղաքապետը:
Մարզական այս խոշոր ստուգատեսին, ի դեպ, Երևանի շուրջ 500 մարզիկներից կազմված պատվիրակությունն ակտիվ մասնակցություն ունեցավ՝ ստանալով ամենաշատ պարգևները: Երևանյան թիմի մարզիկներն արժանացել են 51 ոսկե, 42 արծաթե և 47 բրոնզե մեդալների, ինչի շնորհիվ թիմային հաշվարկով Երևանը զբաղեցրել է Համահայկական ամառային վեցերորդ խաղերի առաջին հորիզոնականը:
Նմանատիպ նյութեր
3244 դիտում
22:51 22-11-2024
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
12446 դիտում
10:24 03-08-2015
Նախագահը մասնակցել է Համահայկական ամառային վեցերորդ խաղերի բացման արարողությանը. ֆոտոշարք
Այս բաժնից
1069 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1165 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1363 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ