6415 դիտում
19:17 24-07-2015
Արմավիրի մարզում վրաերթի հետևանքով մահացել է ՌԴ քաղաքացին
Երեկ՝ հուլիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում Արմավիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել են, որ «բիբերը մաքսիմալ լայնացած», «սրտի աշխատանքը և շունչը բացակայում է» և «արձանագրվել է բիոլոգիական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է բերվել տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները պարզել են, որ ժամը 23:00-ի սահմաններում Դալարիկ գյուղի բնակիչ, 33-ամյա Վոլոդյա Բրոյանը իր վարած Ford Transit մակնիշի 50 OA 707 համարանիշի ավտոմեքենայով Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել 78-ամյա Նիկոլայ Աբրահամյանին:
Վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել և, ըստ տեղեկությունների, իր մեքենայով էլ տեղափոխելիս է եղել վրաերթի ենթարկվածին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ՌԴ քաղաքացի էր: