211652_close_icon
views-count1466 դիտում article-date 21:37 23-07-2015

Երևանի վարչական շրջաններում մինչև օգոստոսի 31-ը կգործեն բակային ճամբարներ

Ամառային արձակուրդը մայրաքաղաքում անցկացնող երեխաների ազատ ժամացն արդյունավետ ու հագեցած կազմակերպելու նպատակով Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը, ըստ սահմանված հերթականության, կգործեն բակային ճամբարներ: Ճամբարներում կկազմակերպվեն մարզական, մշակութային և ճանաչողական բազմաբնույթ միջոցառումներ, մասնավորապես մանկական հանդես-ծրագրեր, կավճանկարչության, երգի, պարի, ասմունքի և այլ մրցույթներ, ձեռքի աշխատանքների ցուցահանդեսներ, ազգային մշակույթի ուսուցողական միջոցառումներ, ինտելեկտուալ վիկտորինաներ, հայոց բանակին, պետական խորհրդանիշներին նվիրված դասընթացներ, էքսկուրսիաներ դեպի թանգարաններ, կենդանաբանական այգի, հանրօգուտ աշխատանք (բակի մաքրում, ծառերի և ծաղիկների խնամում, տաղավարների պատրաստում) և այլն։ Բակային ճամբարներից հերթականը բացվել է Արաբկիր վարչական շրջանի Փափազյան 21 հասցեի տարածքում: Բակային ճամբարների և միջոցառումների ծրագրում ընդգրկվել են նաև հանդիպումներ անվանի մտավորականների և արվեստագետների հետ, ինչպես նաև միջոցառումները կազմակերպելու համար, տեղական մշակութային խմբերից բացի, հրավիրվել են արհեստավարժ խմբեր։

Նմանատիպ նյութեր