«Չելսիի» երկրպագուին հինգ տարով արգելել են ներկա լինել հանդիպումներին. տեսանյութ
«Չելսիի» երկրպագու, 50-ամյա Ռիչարդ Բարկլիին արգելել են 5 տարվա ընթացքում ներկա լինել ֆուտբոլային հանդիպումներին:
Նման որոշում է կայացրել Լոնդոնի համայնքային դատարանը՝ Փարիզի մետրոյում ակումբի երկրպագուների ռասիստական գործողությունների դեպքի առթիվ:
Դատարանը հաստատել է, որ Բարկլին դարձել է 2015թ. փետրվարին Փարիզի մետրոյում տեղի ունեցած միջադեպի մասնակից՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ ՊՍԺ-«Չելսի» հանդիպումից (1:1) առաջ:
Անգլիական թիմի մի խումբ երկրպագուներ սևամորթ տղամարդուն թույլ չէին տվել գնացք նստել: Տուժածը մի քանի անգամ փորձել էր վագոն մտնել, սակայն երկրպագուները բռնի կերպով նրան նորից դուրս էին հանում և երգում. «Մենք ռասիստներ ենք և դա մեզ դուր է գալիս»:
Դատարանը որոշել է, որ Բարկլին այդ երկրպագուների թվում ամենաագրեսիվներից մեկն է եղել:
Ամենազարմանալին այս պատմության մեջ այն է, որ Բարկլին նախկինում ոստիկան է եղել, իսկ միջադեպի պահին հանդիսացել է «Մարդու իրավունքների համար պայքարի համաշխարհային միություն» կազմակերպության տնօրենը:
Ներկայացնում ենք միջադեպի տեսագրությունը և դրա հումորային տարբերակը: