211652_close_icon
views-count2153 դիտում article-date 17:23 18-06-2016

«Ճգնաժամի հինգ տարին. նոր կյանքի մաքառման հինգ տարին» խորագրով միջոցառում` նվիրված փախստականների համաշխարհային օրվան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 18-ին Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում տեղի ունեցավ Փախստականների համաշխարհային օրվան նվիրված՝ «Ճգնաժամի հինգ տարին. նոր կյանքի մաքառման հինգ տարին» խորագրով՝ ՄԱԿ ՓԳՀ-ի և Օքսֆամ կազմակերպության համատեղ միջոցառումը, որն անցկացվեց ՄԱԿ ՓԳՀ-ի՝« Մենք կանգնած ենք Փախստականների կողքին» և Օքսֆամի «Սիրիայի կողքին» քարոզարշավների շրջանակներում: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը և Օքսֆամ մասնաճյուղի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «Սիրելի՛ սիրիահայեր, ուրախ եմ այսօր ողջունել ձեզ ձեր Հայրենիքում: Ամենախելացի որոշումը, որ կայացրիք սիրիական պատերազմի առաջին օրերին, ձեր Հայրենիք վերադառնալն էր: Շնորհակալություն: Ուրախ եմ, որ այստեղ կարողանում եք աշխատել, ստեղծագործել, նվիրվել և ձեր ներդրումն ունենալ Հայաստանի զարգացման գործում: Ուզում եմ հավատալ, որ դժվարությունները ետևում են մնացել: Մենք բոլորս՝ պետությունը, սփյուռքի նախարարությունը, ՄԱԿ-ի գրասենյակը, միջազգային կազմակերպությունները, պետք է անենք ամեն ինչ, որ կարողանաք աշխատել, հզորանալ, հզորացնել մեր Հայրենիքը: Այսօր նշում ենք Փախստականի օրը, որը և ձերն է, և ձերը չէ, դուք փախստական չեք, դուք ձեր Հայրենիքում եք»: Օքսֆամ մասնաճյուղի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը նշեց, որ աշխարհում փախստականների թիվը մեծանում է, և դա անհանգստացնող մարտահրավեր է բոլորի համար: Դիմելով սիրիահայերին՝ նա հավելեց. «Դուք փախստական չեք, դուք մեր հայրենակիցներն եք, և ձեր մշակույթը բերել եք մեր երկրի զարգացման գործին: Սփյուռքի նախարարության հետ համատեղ ծրագրեր ենք իրականացնում, որոնք կնպաստեն Հայաստանում ձեր կայացման և ինտեգրման գործընթացին: Դուք կարողանում եք ինքնաբավ լինել»: ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը շեշտեց. «Մեծարգո՛ պարոն դեսպան, տիկի՛ն նախարար, հարգարժա՛ն հյուրեր: Այսօր նշում ենք մի օր, որ նվիրված է այն մարդկանց , ովքեր ստիպված են եղել տեղահանվել և ապահով հանգրվան գտնել: Երբ ասում ենք ճգնաժամի 5 տարի, ասում ենք 5 տարի ոչնչացում, տառապանք և մահ:Ցավոք, Սիրիայի պատերազմը եզակի չէ, աշխարհում կան երկրներ, որ կործանման եզրին են: Շատ փխրուն բան է խաղաղություն ասածը: Սիրիայի պատերազմի 5 տարին եղել է մաքառման 5 տարի: Սիրիահայերին Հայաստանում օգնել են և՛ կառավարությունը, և միջազգային ու հասարակական կազմակերպությունները, և՛ բնակչությունը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սփյուռքի նախարարին արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար»: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին սիրիական պատերազմի զոհերի հիշատակը: Հնչեցին Զարուհի Բաբայանի և իր Երգի ստուդիայի սաների «Ավե Մարիա», «Կիլիկիա» ստեղծագործությունների հիանալի կատարումները: Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ տեղահանված սիրիացի գործարարների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, ինչպես նաև՝ փախստականների թեմատիկ ֆոտո-ցուցահանդես և հիշատակի մոմավառության արարողություն: Միջոցառումն ավարտվեց փախստականների պատմություններն ամփոփող ՄԱԿ ՓԳՀ «Խաչմերուկներ» գրքի շնորհանդեսով: Ցուցադրվեց սիրիացի ոճաբան Գևորդ Շադոյանի երեխաների հագուստի հավաքածուն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր