Երևանում մեկնարկում է ազատ ըմբշամարտի միջազգային խոշոր մրցաշարը
Հայաստանի մայրաքաղաք Երևանում, ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի մարզապալատում (նախկին «Միկա» մարզադահլիճ), հուլիսի 17-19-ը տեղի կունենա ազատ ըմբշամարտի միջազգային խոշոր մրցաշար:
Այն իր բնույթով մասնակիցների համար նախապատրաստական փուլ կհանդիսանա աշխարհի առաջիկա առաջնության և եկող տարի կայանալիք օլիմպիական խաղերի համար: Մարզիչները և մասնագետները լավ հնարավորություն կունենան իրենց թիմերի կազմերը ճշտելու առումով:
Երևանյան ստուգատեսը նաև հեղինակությունների մրցաշար է, քանզի 12 երկրների շուրջ 20 թիմերը համալրված կլինեն տիտղոսակիր բազմաթիվ վարպետներով:
Նրանց համար օրինակելի ըմբիշ և մարդ է հանդիսանում աշխարհի եռակի գավաթակիր, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի և Խորհրդային Միության բազմակի հաղթող և մրցանակակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, վանաձորցի Ստեփան Սարգսյանը: Նրա անվան մրցանակները խաղարկվում են 20 տարի անընդմեջ: Այս անգամ հոբելյանական մրցաշարի հովանավորը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն է:
Առաջին, երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցնողները կպարգևատրվեն համապատասխանաբար հինգ հազար, երեք հազար և երկու հազար ԱՄՆ դոլարով: Անվանի բարեգործ Գագիկ Ծառուկյանը արժեքավոր նվեր է նախատեսել նաև քաշային ութ կարգերից 65 կգ-ում հաղթողի համար, քանզի այդ կարգում է ժամանակին հանդես եկել մեր լեգենդար ազատ ոճային Ս. Սարգսյանը: