211652_close_icon
views-count10090 դիտում article-date 15:40 10-07-2015

Վարդավառի տոնին կօրհնվի մայրաքաղաքի ջուրը, իսկ «Երևան Ջուր»-ը խոստանում է այդ օրը Երևանը լիուլի ապահովել ջրով. լուսանկարներ

Այսօր՝ հուլիսի 10-ին, «Նոյյան տապան» լրատավական գործակալության մամուլի սրահում Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության (Այլակերպության) տոնի, խորհրդի, ծեսերի և միջոցառումների մասին ասուլիսում կարևորեց Պայծառակերպության տոնի խորհուրդները և նշեց, որ այն ավանդական հիմք ունի: Սա շարժական տոն է: Քրիստոսի Պայծառակերպությունը կամ Վարդավառը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, որ խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպությունը Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև, որն, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր կոչված լեռան վրա։ Քրիստոս այդտեղ ցույց տալով իր այլակերպությունը` ցույց տվեց իր Աստվածությունը: Ըստ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի` տոնի հոգևոր խորհուրդն է, որ մարդիկ ավելի շատ ձգտեն ոչ թե նյութական արժեքներին, այլ այնտեղ, որտեղ Քրիստոսի խաղաղությունն է: Հայտնի է, որ շատ վաղուց հայերն ունեցել են ջրհորներն օրհնելու ավանդույթ, այսինքն` օրհնվել է ջուրը, որպեսզի այդ կենարար հեղուկը միշտ առատ և մաքուր լինի: Տոնի առթիվ ջուրն օրհնվում է, որպես կյանքի աղբյուր, որպես Աստծուց տրված բարիք: Տեր Հայրը նշեց, երբ ջուրն օրհնվում է` ունենում է բժշկելու, մշտաբուխ լինելու, մաքուր մնալու հատկություններ: Ավանդույթի համաձայն` Վարդավառին պահպանվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը, որը վերածվում է հաճելի մթնոլորտի: Ըստ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի` այս տոնը որոշ մեկնաբաններ հեթանոսության շրջանի կամ վարդի ծաղկի հետ են կապում` այդ արարողությունների մեջ առկա լինելու պատճառով: Ըստ Տեր Հոր` ջուրը կենսական և կարևոր նշանակություն ունի մարդու համար, նաև եկեղեցական կյանքում: Քրիստոսը հաճախ իրեն մշտաբուխ ջրի է նմանեցնում: Եվ այդ տրամաբանությամբ է, որ եկեղեցում այդքան շատ ջուր է օգտագործվում տարբեր արարողություններ կազմակերպելու նպատակով: Օրինակ` ջրհօրհնության արարողության ժամանակ ջուրն օրհնվում է, որպեսզի մշտապես լինի այն: Աղոթքի մեջ էլ ասվում է` թող այս ջուրը բուժիչ նշանակության ունենա: Տեր Հակոբը շնորհավորեց բոլորին տոնի առթիվ, մաղթեց հոգևոր խաղաղություն և հորդորեց, որ ամեն հոգևոր տոնին զգալ Աստծո ներկայությունը: «Երևան Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանն էլ հայտնեց, որ կիրակի օրը` Վարդավառին, ամեն ինչ արվելու է, որպեսզի Երևանը լիուլի ապահովվի ջրով: «Պետք է նպաստենք նրան, որ երեխաները արգելված վայրերում չլողան: Ավելի լավ է ծորակից հոսող ջուր իրար վրա ցողեն»,- նշեց նա: Մուրադ Սարգսյանը հավաստիացրեց, որ իրենց աշխատանքները Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու «Հավատամք» հոգևոր միության, այլ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելիս առավել արդյունավետ են դառնում: Սպառողներն անձամբ են տեսնում, թե որքան դժվարություններով ու լուրջ աշխատանքով է պամանավորված ջրի մատակարարումը: Նա տեղեկացրեց, որ հուլիսի 11-ին, մեծ թափորով կմեկնեն Կաթնաղբյուր, որը մայրաքաղաքը սնուցող 10 աղբյուրներից ամենախոշորն է: Այդտեղ էլ հոգևորականների կողմից կօրհնվի Կաթնաղբյուրի ջուրը: Աբովյանում գտնվող այդ գեղեցիկ տարածքը 32 հեկտար է, որտեղ զօր ու գիշեր արարվում է ջուրը: Մուրադ Սարգսյանը նշեց, որ անցյալ տարի Արզնու ջրաղբյուրում առաջին անգամ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանն ու Մայր եկեղեցու հոգևորականներն օրհնեցին մայրաքաղաքի խմելու ջուրը, որը կդառնա ավանդական: Նա հավաստեց, որ Վարդավառի օրը` հուլիսի 12-ին, մայրաքաղաքում ջուրը շատ առատ կլինի, կբավարարի բոլորին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր