211652_close_icon

Վանաձորում կայացավ Թումանյան 14 հասցեում բնակելի համալիրի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման երկրորդ հանրային լսումը

views-count31461 դիտում article-date 22:05 10-10-2025
Այսօր՝ 2025 թվականի հոկտեմբերի 10-ին, Վանաձոր համայնքապետարանի նիստերի դահլիճում (Տիգրան Մեծի 22) կայացավ «ԼՈՌե ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Թումանյան փողոց 14 հասցեում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության հաշվետվության երկրորդ հանրային լսումը։

Լսումն անցկացվեց ՀՀ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման հավելվածի պահանջների համաձայն։

Ներկա էին նաև Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հայկ Վիրաբյանը, Ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետի պարտականությունները կատարող Արմեն Ալավերդյանը, Հանրային կապերի և լրատվության բաժնի պետ Գեղանի Հակոբյանը, ինչպես նաև համայնքապետարանի այլ աշխատակիցներ,լրագրողներ։
Նախագծի մասնագիտական թիմից մասնակցում էին ճարտարապետ Միքայել Տեր-Ավետիքյանցը, բնապահպան Արթուր Մինասյանը, կոնստրուկտոր Կարեն Մկրտչյանը և «ԼՈՌե ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի հիմնադիր Բագրատ Խաչատրյանը։

Համայնքի ներկայացուցիչները շեշտեցին, որ նախագիծը դիտարկվում է որպես ներդրումային հնարավորություն, սակայն միաժամանակ կարևոր է բնապահպանական անվտանգության ապահովումը։

Բնակիչները բարձրաձայնեցին մի շարք հարցեր՝ կապված կանաչ տարածքների հնարավոր կրճատման, աղմուկի և փոշու մակարդակի, ինչպես նաև երթևեկության ծանրաբեռնվածության հետ։

«Մենք չենք ընդդիմանում զարգացումին, բայց ուզում ենք, որ դա լինի խելամիտ ու առանց բնությանը վնասելու», — նշեց քննարկման ընթացքում Վանաձորի մի բնակիչ։

Ի պատասխան՝ «ԼՈՌե ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի հիմնադիր Բագրատ Խաչատրյանը նշեց, որ նախագծի նպատակն է ոչ միայն կառուցապատում իրականացնել, այլև նպաստել համայնքի սոցիալական զարգացմանը։

Բագրատ Խաչատրյանը իր խոսքում նշեց  «Մեր նպատակն է ապահովել մարդկանց բարեկեցիկ կյանք։ Նախագծի արդյունքում նախատեսվում է ստեղծել շուրջ 80-100 աշխատատեղ, իսկ ներդրման ընդհանուր ծավալը կկազմի մոտ 8-ից 9 միլիոն ԱՄՆ դոլլարին համարժեք  դրամ։ Մենք ուզում ենք, որ Վանաձորում իրականացվող աշխատանքը թողնի դրական ազդեցություն թե՛ քաղաքի, թե՛ բնակիչների վրա»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր