Չեմպիոնների լիգա. «Փյունիկը» դուրս եկավ հաջորդ փուլ և կհանդիպի նորվեգական «Մյոլդեի» հետ. տեսանյութ
Երևանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում 2:1 հաշվով հաղթեց Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորեին»:
Կարելի է ասել, որ հանդիպումը գրեթե նույնությամբ այս թիմերի միջև Երևանում կայացած առաջին հանդիպման կրկնությունն էր, որը նույնպես ավարտվեց 2:1 հաշվով:
«Փյունիկը» նորից խաղասկզբից ուներ մեծ առավելություն: Արդեն առաջին րոպեին հայ ֆուտբոլլիստների ձեռնարկած գրոհից հետո դաշտի տերերին փրկեց դարպասաձողը: 6-րդ րոպեին անհատական խաղի շնորհիվ Կամո Հովհաննիսյանը ճեղքեց մրցակցի պաշտպանությունը և բացեց հանդիպման հաշիվը:
44-րդ րոպեին «Փյունիկը» կրկնապատկեց հաշիվը՝ աչքի ընկավ Վարդգես Սաթումյանը, որը նաև առաջին խաղում էր գրավել «Ֆոլգորեի» դարպասը:
Երկրորդ խաղակեսում դաշտի տերերի հազվադեպ գրոհներից մեկը պսակվեց հաջողությամբ՝ 66-րդ րոպեին գոլը խփեց Տրաինին: Դրանից հետո հաշիվն այլևս չփոխվեց՝ 2:1:
Այսպիսով, «Փյունիկը» հաղթահարեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլը և երկրորդ փուլում կհանդիպի նորվեգական «Մյոլդեի» հետ:
Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, երկրորդ հանդիպում, Սան-Մարինո
«Ֆոլգորե» (Սան Մարինո) - «Փյունիկ» (Հայաստան)՝ 1:2 (առաջին հանդիպում՝ 1:2)