Արգենտինահայ համայնքն իր շնորհակալությունն է հայտնում Հռոմի Ֆրանցիսկոս պապին
                        Հունիսի 24-ին Բուենոս Այրեսի Մայր տաճարում Արգենտինայի հայ համայնքի կողմից երախտագիտության  միջոցառում կիրականացվի` Հռոմի Ֆրանցիսկոս պապի պատվին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը նրա վճռորոշ աջակցության համար:
Prensa Centro Armenio-ի տեղեկացմամբ՝ արարողությունը կանցկացնեն արգենտինահայ համայնքի կրոնական առաջնորդները` Արգենտինայի հոգևոր առաջնորդ և Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս, կարդինալ Մարիո Պոլիի գլխավորությամբ:
 
Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջազգային ոգեկոչման շրջանակում` ապրիլի 12-ին Ֆրանցիսկոս պապը Հռոմի Սուրբ Պետրոս տաճարում պատարագ մատուցեց` ի հիշատակ զոհերի, որի ժամանակ հայ ժողովրդի  տառապանքները բնութագրեց որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:
 
Իր ելույթում Պապն ասաց. «Ծածկել հանցանքը, նշանակում  է թողնել, որ վերքը արնահոսի», և այս խոսքով հաստատեց Թուրքիայի ժխտողական քաղաքականության առկայությունը: 
Հռոմի Ֆրանցիսկոս պապին ուղղված արգենտինահայ համայնքի նամակում ասվում է.
 
«Նորին Սրբություն Ֆրանցիսկոսին,
Վատիկան
Հարգարժան Հայր Սուրբ,
 
Պատիվ ունենք դիմելու Նորին Սրբությանը` Արգենտինայում բնակվող հայ համայնքի անունից,  20-րդ դարում տեղի ունեցած առաջին ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի այս հուզումնառատ և հայրենասիրական եռանդով լի տարում:
 
Հայր Սուրբ, մեր շնորհակալությունն ենք հայտնում մեր կողքին լինելու և այս ցավալի տարելիցին մեր սրտերն ուրախացնելու համար: Շնորհակալություն Ձեր ձայնը բարձրացնելու համար` ի աջակցություն այս փոքր, սակայն արժեքավոր ժողովրդի, որը հավատարիմ է մնացել  իր հավատքին դարերի ընթացքում, խոշտանգվել և հալածվել է, սակայն վերածնվել է մոխրից»:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

