211652_close_icon
views-count2238 դիտում article-date 12:42 18-06-2015

Բաքու-2015. Մեր ըմբիշները հիանալի մեկնարկից հետո պարտվեցին

Բաքվում ընթացող Եվրոպական առաջին խաղերում ազտ ոճի ըմբշամարտի մրցումներում այսօր ասպարեզ դուրս եկան Հայաստանի ներկայացուցիչներ Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Մուսա Մուրթազալիևը (86 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ): Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը գորգ ելավ Մուսա Մուրթազալիևը: Նրա մրցակիցը թուրք Ահմեդ Բիլիջին էր: Գոտեմարտի ավարտից 20 վայրկյան առաջ 3-4 հաշվով պարտվող Մուսան նետվեց գրոհի, հասավ մրցակցի ոտքին ու փոխադրեց նրան: Մրցավարները չգնահատեցին գործողությունը, սակայն մեր մարզիչների բողոքարկումից հետո արդարությունը վերականգնեցին և Մուրթազալիևին հաղթանակ շնորհվեց: 1/8-րդ եզրափակիչում Մուրթազալիևը գոտեմարտեց Իսպանիան ներկայացնող, ազգությամբ օս Նասկիդաևի հետ: Ու կրկին ամեն ինչ վճռվեց վերջին վայրկյաններին: Մուսան իր բացառիկ մարտական ոգու շնորհիվ վաստակեց 2 միավոր և հաղթեց 3-2 հաշվով: Սակայն քառորդ եզրափակիչում մեր ըմբիշը պարտվեց վրացի Սանդրո Ամինաշվիլիին: Այնուհետև հերթը Վոլոդյա Ֆրանգուլյանինն էր, որը սակայն, զիջեց ադրբեջանցի Հաջի Ալիևին և դուրս մնաց մեդալների համար հետագա պայքարից: Գերազանց մեկնարկեց մեր ծանր քաշային Լևան Բերիանիձեն: Մեր ըմբիշը հիանալի հաղթանակ տարավ Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հաջիմուրադ Գացալովի նկատմամբ Առաջին 2 միավորը վաստակեց ռուսաստանի ըմբիշը: Սակայն Լևանը նետվեց գրոհի ու նախ մրցակցին հանեց աշխատանքային գոտուց, ընդմիջումից հետո էլ 3 անգամ փոխադրեց նրան և հաղթեց 7-2 հաշվով: Սակայն քառորդ եզրափակիչում Բերիանիձեն պարտվեց Բելառուսը ներկայացուցիչ Ալեքսեյ Շեմարովին: Նշենք, որ Մուրթազալիևը և Բերիանիձեն դեռ կարող են պայքարել բրոնզե մեդալների համար, եթե նրանց հաղթած մրցակիցները հասնեն եզրափակիչ:

Նմանատիպ նյութեր