Բաքու-2015. Հրաչիկ Բաբայանը հրաձգությունում հիանալի արդյունք ցույց տվեց
Ավարտվեց հրաձգության 10 մետրից օդամուղ հրացանով վարժության մրցումը: Հայաստանը ներկայացնում էր 18 ամյա Հրաչիկ Բաբայանը:
2014 թվականին Նանկինում կայացած Պատանեկան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը պարզապես ապշեցրեց իր վստահ ու կայուն կրակոցներով: Նա վաստակեց 629.3 միավոր, սահմանեց Եվրոպայի երիտասարդական ռեկորդ, գրավեց առաջին տեղն ու մտավ եզրափակիչ:
Եզրափակչի 8 մասնակիցներից 5-ը արդեն նվաճել էին Ռիո դա Ժանեյրոյի օլիմպիական խաղերի ուղեգիր: Պետք էր հաղթել Գերմանիայի և Իսրայելի ներկայացուցիչներին և նվաճել օլիմպիական վարկանիշ:
Ամեն ինչ հրաշալի էր ընթանում: Սկզբում Հրաչիկը առաջատարն էր, ապա երրորդը, հետո երկրորդը: Այդպես մինչև 12-րդ կրակոցը: 14-րդ կրակոցին հանկարծ տեղի տվեցին մեր պատանու նյարդերը, նա խոցեց 9.2 նիշը և զբաղեցնելով 5-րդ տեղը` դուրս մնաց հետագա պայքարից: Իսկ Իսրայելի ներկայացուցիչը նվաճեց բաղձալի ուղեգիրը:
Սակայն կարևորն այն է, որ այս մրցման ամենակրտսեր մասնակիցն արժանացավ մասնագետների ամենաբարձր գնահատականին: Հրաչիկ Բաբայանն առաջին անգամ մտավ մեծահասակների մրցման եզրափակիչ և ցույց տվեց իր լավագույն արդյունքը, հայտնում է Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը: