1165 դիտում
16:10 16-06-2015
«100 տարի անց. Մերձավոր Արևելքի քրիստոնյաները մեկ այլ ցեղասպանության վտանգի առջև» խորագրով միջոցառում Վաշինգտոնում
Հունիսի 11-ից 13-ը ԱՄՆ Կոնգրեսի շենքի սրահներում տեղի ունեցավ «Coptic Solidariy» կազմակերպության տարեկան հավաքը, որն այս տարի անցկացվեց «100 տարի անց. Մերձավոր Արևելքի քրիստոնյաները մեկ այլ ցեղասպանության վտանգի առջև» խորագրի ներքո:
Միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ երկու կուսակցությունները ներկայացնող տասնմեկ կոնգրեսական, մեկ սենատոր, բազմաթիվ գործող և նախկին պաշտոնատար անձիք, ինչպես նաև ԱՄՆ-ում բնակվող տարբեր էթնիկական խմբերը ներկայացնող ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները, ներառյալ՝ Հայ դատի գրասենյակի նախագահ Քեն Խաչիկյանն ու Ամերիկայի Հայկական համագումարի ներկայացուցիչ Դանիել Քուշաքչյանը:
Ամփոփիչ երեկոյի հիմնական բանախոսներն էին ԱՄՆ-ում Սլովենիայի դեսպանը, Կիպրոսի փոխդեսպանը և դեսպանորդներ ու խորհրդականներ Հայաստանի, Ռուսաստանի, Իտալիայի, Բելգիայի, Հունաստանի և Կանադայի դեսպանություններից, ինչպես նաև Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Բերիջը:
Բանախոսներն իրենց ելույթներում զորակցություն հայտնեցին Մերձավոր Արևելքի քրիստոնյա համայնքներին: Նրանք խոր մտահոգություն հայտնեցին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների, «Իսլամական պետություն» կազմավորման և ահաբեկչական գործողություններ իրականացնող այլ կառույցների գործունեության, ինչպես նաև տարածաշրջանում բնակվող քրիստոնյաների և եզդիների նկատմամբ իրականացվող անօրինականությունների և բռնությունների կապակցությամբ: Նշվեց, որ միջազգային հանրությունը պետք է համատեղ ջանքեր գործադրի` տարածաշրջանում պատմամշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ: Եւրոպացի դիվանագետներից շատերի կողմից տարածաշրջանում քրիստոնյաների իրավիճակը դիտարկվում էր մարդու իրավունքների և, մասնավորապես, խղճի ազատության պաշտպանության դաշտում, և նշվում էր խնդրի լուծման համար միջազգային այդ գործիքակազմի օգտագործման անհրաժեշտությունը:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Հրաչյա Թաշչյանն իր ելույթում նշեց Մերձավոր Արևելքի քրիստոնյա ժողովուրդների հետ հայ ժողովրդի ունեցած բարեկամական կապերի մասին: Ընդգծվեց Մերձավոր Արևելքի շատ երկրներում հայկական համայնքների առկայության փաստը և այն վտանգը, որի առջև այսօր կանգնած են Սիրիայում և Իրաքում բնակվող հայերը: Այդ համատեքստում հիշատակվեցին ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը, որոնք ուղղված են Հայաստանում ապաստան գտած շուրջ 10 հազար սիրիահայ փախստականների ինտեգրման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Նշվեց, որ հայերը, որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ազգ, բարոյական պարտավորություն են զգում` իրենց ներդրումն ունենալ մարդկության դեմ կատարվող հանցագործությունների դեմ միջազգային հանրության կողմից մղվող պայքարում: Ելույթի ավարտին Հրաչյա Թաշչյանը նշեց, որ համաշխարհային քաղաքակրթությունը մեծ կորուստ կունենա, եթե քրիստոնյաները լքեն Մերձավոր Արևելքը: Այդ տարածաշրջանը կենթարկվի մշակութային եղծմանը, այնպես ինչպես դա տեղի ունեցավ ժամանակակից Թուրքիայի տարածքում, երբ Օսմանյան կայսրության կողմից ոչնչացվեց արևմտահայերի, Փոքր Ասիայի հույների և ասորիների քաղաքակրթությունն ու մշակութային ժառանգությունը:
Նմանատիպ նյութեր
1038 դիտում
20:09 27-05-2015
100 տարի անց. Մերձավոր Արևելքի քրիստոնյաներն առերեսվում են մեկ այլ ցեղասպանության
2815 դիտում
10:56 06-12-2017
Վաշինգտոնում քննարկվել են Մերձավոր Արևելքի քրիստոնյաների հալածանքների խնդիրը. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1000 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
754 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
847 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ