211652_close_icon
views-count2818 դիտում article-date 10:56 06-12-2017

Վաշինգտոնում քննարկվել են Մերձավոր Արևելքի քրիստոնյաների հալածանքների խնդիրը. «Ամերիկայի ձայն»

Մերձավոր Արևելքի տարածաշրջանը շարունակում է մնալ բազմաթիվ կրոնների և դավանանքների խաչմերուկ: Երբեմնի քրիստոնեության ծննդավայր հանդիսացող այս տարածաշրջանում քրիստոնյաների թիվը աստիճանաբար նվազում է: Մոտ մեկ դար առաջ այն կազմում էր ամբողջ բնակչության մոտ 20 տոկոսը, իսկ այսօր այդ թիվը նվազել է մինչև 3-4 տոկոսի: Ծայրահեղ իսլամիզմը, բռնությունը, հալածանքները և դրանց արդյունքում՝ սոցիալ տնտեսական հիմնախնդիրները զգալիորեն նպաստեցին Մերձավոր Արևելքի քրիստոնյա համայնքների նոսրացմանը: Տարածաշրջանում քրիստոնյաների նկատմամբ հալածանքների հետ կապված հիմնախնդիրների ուսումնասիրության և դրանց հակազդման նպատակով Վաշինգտոնում հրավիրված համաժողովը՝ «Սուրբ հողում և Մերձավոր Արևելքում քրիստոնայների հալածանքները» խորագրի ներքո, թվով երրորդ միջազգային համաժողովն է, որին ավանդաբար մասնակցում են քրիստոնեական տարբեր եկեղեցիների, դավանանքների ներկայացուցիչներ ու ոլորտի բազմաթիվ մասնագետներ: «Այս միջոցառումն ամերիկյան կառավարությանը իրազեկում է Մերձավոր Արևելքում քրիստոնյաների իրավիճակի վերաբերյալ: Մերձավոր Արևելքում շատերը շարունակում են դիտարկել քրիստոնյաներին որպես օտարներ՝ չնայած նրան, որ քրիստոնեության համար Մերձավոր Արևելքը հայրենիք է և քրիստոնյաներն այստեղ ներկայացված են վերջին 2000 տարիների ընթացքում»,- ասաց միջոցառման բանախոս, պրոֆեսոր Մարկ Մովսեսյանը: Նա հույս հատնեց, որ նման միջոցառումները կօգնեն նաև բարձրաձայնել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության մասին, քանի որ հարթակ են տրամադրում այս խնդրին անդրադառնալու համար: Համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկան կոնգրեսականներ Գաս Բիլիրաքիսն ու Ջեֆ Ֆորթենբերին, ովքեր ընդգծեցին անցած տարի ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից ընդունված բանաձևի կարևորությունը, որով ԻՊ-ի գործողություններն Իրաքում և Սիրիայում բնորոշվում են որպես մարդկության դեմ կատարված հանցագործություններ և ցեղասպանություն: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4151182.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր