211652_close_icon
views-count757 դիտում article-date 19:08 11-06-2015

Նախագահն ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերին և Ալան Միլին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերին և Ալան Միլին: Ընդգծելով, որ փաստահավաք առաքելության շրջանակներում այս հանդիպումներն արդեն ավանդույթ են դարձել, Հանրապետության Նախագահը նշել է, որ դրանք հնարավորություն են ընձեռում քննարկել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ բազմոլորտ համագործակցությունը, ինչպես նաև անդրադառնալ ԵԽԽՎ օրակարգում ընդգրկված հարցերին, այդ թվում՝ Հայաստանին առնչվող: Սերժ Սարգսյանը նշել է, թե ծանոթ է նախորդ այցի ընթացքում ԵԽԽՎ համազեկուցողների հրապարակած զեկույցի բովանդակությանը և ողջունելի է համարել, որ այն արձանագրել է ՀՀ հանձնառությունը՝ շարունակական բարեփոխումներ իրականացնելու մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտներում: Այս ամենով հանդերձ, ըստ Նախագահի, Հայաստանը դեռ շատ անելիքներ ունի, և մեր երկրի իշխանությունները հետամուտ են բարեփոխումները խորացնելու՝ համոզվածությամբ, որ դա է ժամանակակից իրավական պետության կառուցման միակ ճիշտ ուղին: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի համագործակցությունը միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի հետ, ընդգծելով ԵԽ կարևոր ներդրումը Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին: Հանրապետության Նախագահը նշել է, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավական պետության սկզբունքների խորացման ուղղությամբ վերջին տարիներին Հայաստանում իրականացված բարեփոխումները եղել են հետևողական: ԵԽԽՎ համազեկուցողները շնորհակալություն են հայտնել Նախագահին՝ ընդունելության համար և նշել, որ այցի շրջանակներում Հայաստանում հասցրել են մի շարք այլ հանդիպումներ ունենալ տարբեր քաղաքական գործիչների, գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ, ուսումնասիրել պետական տարբեր մարմիններում ժողովրդավարության չափանիշներին համահունչ իրականացվող աշխատանքների ընթացքը և բավարարված են այս ընթացքում արձանագրված այն աշխատանքներով, ինչ արվում է Հայաստանում և Հայաստանի համար: Վերոնշյալ հանդիպումների ընթացքում քննարկված հարցերից մեկը, ըստ նրանց, եղել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների իրականացման հարցը: Համազեկուցողներն ընդգծել են, որ չափազանց կարևոր է այդ բարեփոխումների գործընթացի թափանցիկությունը, կարևոր է նաև երկրում ԶԼՄ-ների ազատության առկայությունը: Համազեկուցողները նշել են, որ իրենց կողմից պատրաստվող զեկույցի նպատակը՝ Հայաստանին օգտակար լինելն է, և միջանկյալ զեկույցի պատրաստման այս փուլում, նրանց խոսքով, չկան լուրջ մտահոգություններ առաջացնող խնդիրներ: Հանդիպմանը ՀՀ Նախագահը և ԵԽԽՎ համազեկուցողներն անդրադարձել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:

Նմանատիպ նյութեր