1482 դիտում
22:02 26-05-2015
24/04-ը այն կետն է, որտեղից սկսում ենք նոր հաշվարկ դեպի հաղթանակներ. «24/04» նվագախումբ
Ապրիլի 24-ին Երևանում կյանքի կոչվեց ծավալներով, բավանդակությամբ և մտահղացմամբ աշխարհում աննախադեպ մի նախագիծ՝ «24/04» նվագախումբը։ Համաշխարհային մի նվագախումբ, որը կազմված է 43 երկրից ժամանած 123 կատարողից։ Նրանք հանդիպեցին Երևանում և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, ոգեկոչեցին ցեղասպանության զոհերի հիշատակը, օգտագործելով երաժշտության ուժը՝ վերհիշեցին մեծ ողբերգությունը՝ աշխարհին հղելով խաղաղության, սիրո, ներդաշնակության կոչեր։
«24/04» նվագախմբի ստեղծման գաղափարը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանինն էր։ Մաեստրո Սմբատյանը, խոսելով բացառիկ այս երևույթի մասին, ասում է, որ նման նվագախումբ ստեղծելու միտք դեռ վաղուց կար։ Մեծ բաների մասին մտածելիս պետք է լավ հիմք ունենալ, բացի այդ՝ վստահություն, որ այն ի զորու է ինչ-որ բան փոխելու։
Այն նախաձեռնությունները, որոնք միտված են որևէ բան փոխելու, որպես կանոն, լինում են հաջողակ, դրանք ուղղակի չեն կարող չլինել։ «24/04»-ն էլ պսակվեց հաջողությամբ, որի արձագանքները համաշխարհային մամուլում, երաժշտական ասպարեզում ուղղակի տպավորիչ են։
Սերգեյ Սմբատյանն ընդգծում է, որ նվագախմբի կարևորագույն ձեռքբերումներից է ոչ միայն այն, որ մի քանի տասնյակ երկրի երաժիշտներ միացան մեզ՝ փայլուն որակի հասնելով շատ կարճ ժամանակում ու ներկայացնելով հայկական երաժշտություն, այլև այն, որ 43 երկրի երաժիշտներ, լքելով մեր երկիրը, իրենց հետ տարան մի մասնիկ Հայաստան, և այսօր ակտիվորեն մասնակցում են այն ամենին, ինչ կոչվում է օնլայն սոցիալական կյանք՝ պատրաստ ապրեցնելու այն գաղափարները, որ հնչեցնում էին ապրիլյան օրերին Երևանում ու շարունակելու «24/04» նվագախմբի գործունեությունը։ Արվեստը համախմբող ուժ ունի։
Այս դեպքում արվեստը համախմբեց աշխարհի լավագույն կոլեկտիվների երաժիշտներին մեզ համար առաջնային խնդրի շուրջ։
Սերգեյ Սմբատյանը խոստովանում է, որ կազմակերպչական մեծ ջանքեր պահանջող այս նախագիծը կյանքի կոչելը հեշտ չէր։ Կային մարդիկ, ովքեր թերահավատորեն էին վերաբերվում այս մտահղացմանը։ «24/04»նվագախումբն աներևակայելի մեծ կտավի աշխատանք էր, որն իրականություն դարձավ թիմային աշխատանքի շնորհիվ։ Եղել են մասնակիցներ, ովքեր 3 օր են ծախսել Հայաստան հասնելու համար։ Բայց դա արել են հանուն գաղափարի, նպատակի, հանուն նրա, որ վստահ էին, որ պետք է բան փոխեն այս աշխարհում։
Քչերը դա կանեին։ Սերգեյ Սմբատյանը նկատում է, որ արվեստի նվիրյալը, երբ դառնում է «24/04» նվագախմբի մեծ ընտանիքի անդամ, չի կարող նահանջել. եթե նա անում է մի բան, ապա ինքը դրա կրողն է և երբեք չի դավաճանելու իր սկզբունքներին։ Աշխարհահռչակ դիրիժորներ Ջանլուկա Մարչիանոյին, Միխայիլ Յուրովսկուն շատ-շետերն են հետևում, և երբ նրանք գալիս են Հայաստան, ղեկավարում ապրիլի 24-ի «Վերածնունդ» խորագրով համերգը, տարածում են այն ուղերձները, որոնք մենք կցանկանայինք հասցնել մարդկությանը։
«24/04»-ի համերգով Ցեղասպանությունից 100 տարի անց՝ 2015 թվականին, անկախ Հայաստանի մայրաքաղաքում, հայության կենտրոնում՝ Երևանում, մենք ասացինք, որ այն ինչ ծրագրված էր 1915-ին, մեծագույն սխալ էր և նպատակին չհասավ։ Համերգին հանդես եկան տաղանդաշատ հայեր՝ Ջիվան Գասպարյան, Սերգեյ Խաչատրյան, Նարեկ Հախնազարյան, Մարիա Գուլեգինա, Գևորգ Հակոբյան, ինչը խոսում է այն մասին, որ հայկական գենը երբեք չեն կարողանալու սպանել։
Երաժշտությունն ամենահզոր ուժն է, այն ժամանակից դուրս է, երաժշտությունը երբեք չի կարող կրկնվել նույնությամբ, երաժիշտը երբ հավատում է, որ իր գործը կարող է բան փոխել աշխարհում, ուրեմն ինքն ուժեղ է, իսկ եթե ուժեղ է, ապա վստահ է, որ իր ասելիքը կարող է տեղ հասնել։ «24/04»-ի ասելիքը տեղ հասավ։
Դիրիժոր Սմբատյանը նշում է, որ նվագախումբն անպայման պետք է շարունակի իր աշխատանքը։ Նրա հիմնական ասելիքն այն է, որ աշխարհում պետք է տիրի խաղաղություն։ Մենք պետք է կոչ անենք դադարեցնել բռնությունները, մանավանդ որ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց էլ մարդկանց ոչնչացնելու խնդիրն առկա է։ Ըստ Սերգեյ Սմբատյանի՝ մենք միշտ հիշում ենք մեր պատմության 24/04 սև կետը։ Բայց նոր սերնդի ու գաղափարակիցների մոտ 24/04-ը այն լուսավոր կետն է, որտեղից մենք սկսում ենք նոր հաշվարկ դեպի հաղթանակներ։
Նմանատիպ նյութեր
2630 դիտում
21:08 03-05-2021
Մխիթարյանը միակ դրական կետն էր ձանձրալի թիմում․ իտալական պարբերականի գնահատականը. Armsport,am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4320 դիտում
18:44 11-08-2014
Մենք գիտենք, ով ենք մենք, որտեղից ենք եկել և ուր ենք գնում․ Վահե Ղազարյան