211652_close_icon
views-count617 դիտում article-date 16:57 22-05-2015

ՀՀ ՏԿԱԻ նախարարություն է այցելել ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի պատվիրակությունը

Մայիսի 22-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարություն էր այցելել ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի պատվիրակությունը, որին ընդունել է ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը: Պատվիրակությունը Հայաստանում է մարդասիրական օգնության ծրագրի գնահատման շրջանակներում: ՏԿԱԻ նախարարության և նախարարի անունից ողջունելով հյուրերին՝ Ն. Գրիգորյանը նշեց, որ մեծապես կարևորում է փրկարարական ծառայության ոլորտում հայ-ամերիկյան և, մասնավորապես, հայ-կանզասյան համագործակցությունը. - Ամերիկյան կողմի տրամադրած օգնությունը՝ համազգեստի տեսքով, ծառայում է իր նպատակին: Մենք կարողացանք տեղայնացնել և բաշխել այն ՀՀ մարզերում, ինչը բավական ուրախալի փաստ է, - ընդգծեց Ն. Գրիգորյանը – միևնույն ժամանակ՝ Հայաստանը սերտորեն համագործակցում է ամերիկյան գործընկերների հետ, կարևորում փորձի փոխանակումը և հաճախ ներդնում ամերիկյան լավագույն փորձը: Հանդիպմանը քննարկվեցին աղետների դեմ պայքարի հարցում հանրային իրազեկման խնդիրները և ոլորտում արձանագրած ձեռqբերումները: Կարևորելով հանրային իրազեկումը, մասնավորապես, երեխաների շրջանում մեծացնելու հարցը՝ Ն. Գրիգորյանը նշեց, որ նախարարության ջանքերով իրագործվում են մի շարք ծրագրեր, որոնք նպատակ ունեն տարբեր մանկական խաղերի, տեսապաստառների, համակարգչային ծրագրերի, էլեկտրոնային գրքերի և այլ միջոցներով երեխաների շրջանում բարձրացնել աղետների դեմ պայքարի իրազեկման մակարդակը: Ըստ ՓԾ տնօրենի տեղակալի՝ աղետների դեմ պայքարում ՏԿԱԻ նախարարությունն ակտիվ ջանքեր է գործադրում նաև հանրության լայն շերտերին ներգրավելու ուղղությամբ: Կողմերը համակարծիք էին, որ աղետների ժամանակ մարդիկ մեծամասամբ զոհվում են թերի իրազեկման պատճառով, հետևաբար՝ այս ոլորտում աշխատանքների կազմակերպումն արդիական է և հույժ կարևոր: ԱՄՆ Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության ներկայացուցիչ Ջինա Կոստանտեն, ով օրեր առաջ է վերադարձել Նեպալից, ընդգծեց, որ աղետի դեմ պայքարի հարցում մեծ նշանակություն ունի ներգրավված ուժերի ճիշտ համակարգումը: - Նեպալում տեղի ունեցած երկրաշարժից հետո մենք կանգնեցինք մեծ խնդրի առաջ: Փորձը ցույց է տալիս, որ աղետի դեմ պայքարում ներգրավված ուժերն արդյունավետ համագործակցելու խնդիր ունեն,- ասաց Ջինա Կոստանտեն,- կցանկանայի տեղեկանալ արդյոք այս խնդիրը ձեզ մոտ ուշադրության կենտրոնում է: - 1988 թ. Սպիտակի երկրաշարժը մեզ համար մեծ փորձ եղավ, և աղետների դեմ պայքարում ներգրավված ուժերին համակարգելու համար ՏԿԱԻ նախարարությունում ստեղծվել ու գործում է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղից էլ կատարվում է փրկարարական ուժերի ճիշտ բաշխումը,- հյուրին պատասխանեց Ն. Գրիգորյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հայ-ամերկյան համագործակցության ամրապնդման և զարգացման, աղետների ռիսկի նվազեցման հետագա ծրագրերն ու հեռանկարները:

Նմանատիպ նյութեր